«Պատվաստումները ցուցված են նաև հիվանդացած-առողջացած քաղաքացիներին». Անահիտ Ավանեսյան

Հոկտեմբերի 1-ից աշխատանքի ներկայացող յուրաքանչյուր քաղաքացի կա՛մ պետք է ներկայացնի պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ ՊՇՌ թեստի բացասական պատասխան: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Առողջապահության նախարարին հարցրին, թե իր կարծիքով՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն ի վիճակի կլինի՞  վերահսկել այս գործընթացը՝ հաշվի առնելով տրանսպորտում և փակ տարածքներում տիրող իրավիճակը:

«Այս հարցը, իհարկե, վերահսկողական մարմիններին պետք է ուղղել, բայց ես վստահ եմ, որ բոլոր ռեսուրսները մոբիլիզացվելու են, որ մենք կարողանանք վերահսկել սահմանված կանոնի իրականացման ամբողջ ծավալը»,- ասաց Ավանեսյանը և հիշեցրեց, թե ինչին են միտված այս սահմանափակումները:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ պետք է մարդը պատվաստվի, եթե արդեն վարակվել, ապաքինվել է և ունի հակամարմիններ, Ավանեսյանն արձագանքեց, որ դա լրացուցիչ միջոցառում է:

«Մենք առաջնորդվում ենք գիտական պարբերականներում ամփոփված տվյալներով և մասնագետների խորհրդատվությամբ:  Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք չենք կարող վստահ լինել դեռ, թե հակամարմիններն ի՞նչ քանակով, ինչքա՞ն ժամանակ են պահպանվում մարդու օրգանիզմում, և ականատես ենք լինում նաև կրկնավարակների: Պատվաստանյութերը ամբողջացնում են մարդու իմունային շերտը՝ ստեղծելով նաև բջջային մակարդակում հակամարմիններ՝ T բջիջներ, որոնք ևս շատ կարևոր են հիվանդությանը դիմակայելու համար: Հիմա եթե սկսենք հակամարմինների չափեր սահմանել, որը,  ցավոք սրտի, դեռ չունենք պատասխանները, և մարդկանցից ավելորդ հետազոտություններ պահանջենք, չեմ կարծում, որ դա խելամիտ է: Պետք է առաջնորդվել մասնագիտական կառույցների խորհրդատվությամբ, այո, պատվաստումները ցուցված են նաև հիվանդացած-առողջացած քաղաքացիներին, որովհետև դրանք լրացուցիչ պաշտպանական շերտ են ավելացնում»,- ասաց Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը, անդրադառնալով այն խնդրին, որ մեր որոշ քաղաքացիներ ունեն նախընտրած պատվաստանյութեր, որոնք Հայաստանում չկան, ասաց, որ այս պահին ունենք 3 տեսակի պատվաստանյութ, որոնք համապատասխանում են բոլոր չափանիշներին, տարվում են աշխատանքներ նաև այլ պատվաստանյութեր ձեռք բերելու համար:

«Այս պահին միջազգային կառույցների կողմից հավանության արժանացած պատվաստանյութերը բոլորն էլ ցուցաբերում են գրեթե նույն ընդհանուր պատկերը, ինչը շատ կարևոր է արձանագրել, որևէ կարիք սպասելու հաջորդ պատվաստանյութերին՝ չկա: Պետք է ասեմ, որ շատ քաղաքացիներ նույնն ասում էին Sputnik V-ի հետ կապված, և գուցե այն մարդիկ, որոնք սպասում էին Sputnik V-ին, որը հիմա առկա է, հաջորդիվ սպասում ենք Pfizer-ին, երբ կլինի Pfizer-ը, դեռ կսպասեն մեկ այլ պատվաստանյութի»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, որ այս պահին պատվաստանյութերի մատակարարման ժամկետների հետաձգումներ են լինում ամբողջ աշխարհում, քանի որ արտադրողները չեն հասցնում բավարարել պահանջարկը:
Պատվաստումն անվճար է, թեստավորման համար աշխատակիցը պետք է վճարի սեփական գրպանից: Արդյոք հավասարազոր այլընտրանք ապահովելու համար պետությունը չի՞ կարող թեստավորումն էլ դարձնել անվճար:

«Մեր պատկերացմամբ՝ պետությունը, իր վրա վերցնելով պատվաստման ամբողջական ֆինանսական բեռը, այլևս անհարկի է համարում թեստավորումների անընդհատ տեղատարափ իրականացնելու մասը»,- ամփոփեց միտքը Առողջապահության նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս