«Մի պահ ինձ թվաց, թե գիտակցությունս եմ կորցնում». Զարուհի Փոստանջյանը՝ Եռաբլուրից իրեն բերման ենթարկելու մասին

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը պատմեց, որ երեկ Եռաբլուրում ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել և բերման ենթարկել: Նա եղել է զինվորական պանթեոնում այն ժամին, երբ նախատեսվում էր բարձրաստիճան պաշտոնյաների այցը: Փոստանջյանը հիշեցրեց, որ երբեք դեպի Եռաբլուր ճանապարհը փակ չի եղել՝ անկախ նրանից, թե մեր երկրի ո՞ր ղեկավարն է եղել այնտեղ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդի խոսքով՝ ոստիկանները նախ կանգնեցրել են իր տաքսին, ասել, որ այդ մեքենան չի կարող վերև բարձրանալ, ապա ուժի կիրառմամբ բերման են ենթարկել իրեն:

«Այս ոստիկանները ոչ թե ուղղակի թևերիցս էին բռնել, այլ գործադրել էին հատուկ ձև, ձեռքերը ոլորում են, հետ են տանում, մինչև վերջ բարձրացնում են, դու զգում ես մի անտանելի ցավ, կարծես թակարդի մեջ լինես: Այդ մարտաձևի կիրառմամբ քեզ ցավ են պատճառում, դու այդ ցավից կարող ես ուշագնաց լինել, մի պահ ինձ թվաց, թե գիտակցությունս եմ կորցնում»,- ասաց Փոստանջյանը և ավելացրեց՝ իրեն արդեն ոստիկանական բաժնում ցավազրկող են ներարկել, որ այդ ցավն անցնի:

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդն արդեն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս