Գուցե դուք փալասակերպ ապրելու սովոր եք, մենք՝ ոչ. բանաստեղծը՝ ՔՊ-ականներին
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ գրող-բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրել է որդուն՝ Վաչագան Մանուկյանին, ասաց, որ Հայաստանի վարչապետն անհասկանալի արտաքին քաղաքականություն է վարում:
«Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպե՞ս է այդ առաջնորդը՝ քաղցրալեզուն, այստեղից այնտեղ թռվռում, Ռուսաստանի գրկից՝ Թուրքիայի, Թուրքիայի գրկից՝ Ամերիկայի, անհասկանալի կերպով հարճավայել այդ թռվռոցները քաղաքական դաշտում որևէ լավ բան չեն խոստանում, որովհետև հիմնավորապես պետք է կարողանաս հստակ քո ուղին ունենալ, քո ճանապարհը և քո քայլերը կատարել: Հիմա մենք տեսնում ենք, որ իր թերթի պես տպագրում է, հաջորդ օրը փորձում է ճշտումներ անել, բայց չի կարողանում, քանի որ դրանք կյանքեր արժեցան, և այդ կյանքերը նա վերադարձնել չի կարող, իսկ արյունը միայն արյամբ է մաքրվելու: Որքան էլ փորձեն համերգներով կոծկել այդ պարտությունը, որքան էլ փորձեն իրենց խրախճանքները կոծկել…»,- ասաց Մանուկյանը:
Գրողի խոսքով՝ գործող իշխանության մատնանշած «խաղաղությունը» թշնամու հետ մեզ համար ամենևին էլ պատվաբեր չի լինելու.
«Դուք գուցե այդ փալասակերպ ապրելուն սովոր եք, մենք՝ ոչ, մեր արժանապատիվ ապրած մեկ օրը ձեր 100 տարվա փալասակյանքից ավելի բարձր է»:
Խաչիկ Մանուկյանը պատմեց, որ ինքն ու իր նման մարդիկ մեծ ու հզոր հայրենիք էին ուզում, ինչը նախորդ իշխանությունները, չնայած սխալներին, կարողանում էին ապահովել:
«Ունեինք այն հպարտ քաղաքացու կերպարը, որոնց իրենք այդ բառով կոչում էին, բայց հիմա չեն ասում՝ մեր ողորմելի, մեր սգակիր, մեր թշվառ, մեր խաբված, ոտնահարված, խեղված քաղաքացի… այդ «դուխով»-ն էլ, որը կարծես արդեն չկա, չեն փոխարինում համապատասխանաբար «փալասով», իսկ մենք տեսնում ենք, որ միջազգային հարթակներում սրանց ընդամենը փալասի տեղ են դնում: Թուրքն ասում է՝ արի ձեռքերս պաչի, մենք ձեզ պահենք, փալասի հետ են այդպես վարվում, դա իսկապես խայտառակություն է: Նրանք դա չեն ասում այդ անձին, այդ անձի դեմքով մեր ամբողջ ժողովրդին են անվանարկում: Սթափվելու ժամանակն է»,- ասաց Մանուկյանը:
Բանաստեղծի կարծիքով՝ գործող իշխանությունը փորձում է ջնջել մեր պատմությունը և 3 տարվա ընթացքում ոչ մի առողջ քայլ չի կատարել, միայն փնովել է նախկիններին:
«Հներին ես ձեզանից շատ եմ փնովում, բայց հները պետություն և պետականություն պահեցին, փոխանցեցին մեզ, իսկ դուք եկաք դա վերացրեցիք: Այսինքն՝ ի՞նչ եք ուզում ասել, որ սա հների տված պետությունն էր, հաղթանակն էր, մենք դա չենք ընդունում, 0 կետից ենք սկսում, իսկ այդ 0 կետը ձեր 0 լինելն է, ձեր փուչ լինելն է, ձեր դատարկ, ոչինչ լինելն է»:
Մանուկյանը հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսում էր դավաճանների մասին, սակայն շատ արագ այդ թեման շրջանցեց:
«Եթե եղել են դավաճաններ, ապա ամենամեծ դավաճանը դու ես, որ մինչև հիմա որևէ դավաճան չես հայտնաբերել, որևէ մեկին պատերազմի օրենքով չես գնդակահարել, ուրեմն այդ ամբողջ մեղքի բաժինը լինելու է քեզ վրա, այդ պատասխանը դու տալու ես: Հոխորտալով հայտարարեցիր՝ կասկածո՞ւմ եք, որ ես գերագույն գլխավոր հրամանատար եմ, ոչ, չեմ կասկածում, դու գերագույն գլխավոր հրամանատար էիր և դու պետք է պատասխան տաս, ամբողջ խստությամբ այդ պատիժը կրելու ես: Մարդ, ով հայտարարեց՝ սա մեր Սարդարապատն է, այո, դա մեր Սարդարապատն էր, բայց դու Արամ Մանուկյանը չէիր»,- ասաց բանաստեղծը:
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Մանուկյանը «ձև» որակեց երեկ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Եռաբլուր:
«Իրենք անգամ ուժ չունեցան տղաների հերոսականությունը ճիշտ գնահատելու, որովհետև իրենք ո՞նց պետք է մոտենան այս տղաներին գնահատեն… նրանք հերոսների կողքին չեն կարող կանգնել, որովհետև կփշրվեն, կփլվեն, ինչպես կարող է կապիտուլյանտը, կամ մարդը, ում համար պատերազմն էլ էր սուտ, ով իր զավակին տանում էր, որ այդտեղից էլ PR կորզեր, ով իր ընտանիքի անդամներին տանում էր որպեսզի պատերազմը դարձներ PR-ի գոտի»: