«Նազա՛ր, ամո՛թ քեզ»․ որդեկորույս մայրերը Փաշինյանին թույլ չեն տվել մոտենալ իրենց զավակների շիրիմներին
Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձն է։ Օրը սկսվեց բարձրաստիճան պաշտոնյաների՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցով, Եռաբլուր են այցելել Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ։ Հատկանշական է, որ Եռաբլուրի ամբողջ տարածքում ուժեղացված ծառայություն էին իրականացնում ոստիկանության աշխատակիցները, կարմիր բերետավորները, ռազմական ոստիկանության ծառայողները, ինչպես նաև քաղաքացիական հագուստով բազմաթիվ անվտանգության աշխատակիցներ։ Նրանք ծառայություն էին իրականացնում՝ ինչպես Եռաբլուր տանող մուտքերի, այնպես էլ՝ հենց զոհված զինծառայողների շիրիմների մոտ, որտեղ ավելի ուշ պետք է այցելեր Նիկոլ Փաշինյանը։
Չնայած նան, որ բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուր ժամանեցին առավոտյան ժամը 9։00-ին, ուժեղացված ծառայությունն ավելի վաղ էր կազմակերպվել՝ ժամը 07։00-ին։
Իշխանություններն այսօր կրկին թիրախավորել էին լրատվամիջոցներին և սահմանափակել նրանց տեղաշարժը՝ թույլ չտալով մոտենալ զոհված զինծառայողների շիրիմներին, որտեղ պետք է ծաղիկներ խոնարհեին Փաշինյանն ու նրա թիմը։
Եվ չնայած ուժեղացված ծառայությանը, բազմաթիվ զոհված զինծառայողների ծնողներ վաղ առավոտից եկել և «հերթապահում» էին իրենց որդիների գերեզմանների մոտ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չմոտենար նրանց շիրիմներին։
168.am-ը զրուցել է որդեկորույս ծնողների հետ, լսել նրանց կարծիքը Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցելելու վերաբերյալ․
«Նախևառաջ Նազարի այս տարածք գալը շատ տհաճ էր, որովհետև նա մեր հայրենիքը կաթիլ առ կաթիլ տալիս է թշնամուն։ Նա անգամ վատ էլ չի զգում, որ այսքան երիտասարդների կյանքը խափանեց․․․»,- ասաց զոհված կամավորականի մայրը։
Քանի որ լրագրողների մուտքը բուն գերեզմանատուն արգելված էր, որդեկորույս մայրերին հարցրեցինք՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմակիցներն իրենց որդիների շիրիմներին ծաղիկներ խոնարհեցի՞ն․
«Ոչ, ինքը ներքևով փախավ, գնաց։ Բա խի՞ եմ ասում՝ Նազար, նա այնքան տղամարդ չի, որ այս կողմ գար, դե պարզ է՝ այնտեղ մեր ավելի վաղ զոհված տղաներն էին, ծնողներն այսօր չէին գա, իսկ այստեղ ավելի շատ նոր զոհված տղաների ծնողներն են, ինքը չէր էլ գալու այս կողմ։ Նազա՛ր, ամո՛թ քեզ, թե տղամարդ ես, արի դեմս կանգնի․․․ Սնայպերիստներին դուք տեսնեիք, ժողովուրդ, սնայպերիստների՛ն, այդ ծանր զենքերը, նայում ես ու ամաչում, որ շունը մեզ ղեկավարում է, այդ թափթփուկը մեզ ղեկավարում է․․․»,- ասաց զոհվածի մայրը։
44-օրյա պատերազմում զոհված Դավիթի մայրն էլ ասաց, որ որդին զոհվել է պատերազմի 40-րդ օրը, և մանրամասներ հայտնեց․
«Իմ մինուճար տղես էր, Դավոս, ժամկետային էր, 2 ամսվա ծառայող էր։ Այդ երեխեքը սկի գդալ բռնել չգիտեին, ուր մնաց՝ ավտոմատ, տարել էին առաջին գիծ, 40 օր սոված-ծարավ, դա բոլորի մոտ շեշտում եմ, որ սոված-ծարավ են եղել։ Երեխեքը զանգել՝ մեզնից ուտելիքներ են ուզել, առաջին բուժօգնության պարագաներ, անգամ հեռադիտակ, ինչի՞ պետք է առաջին գիծ կանգնող տղան ծնողից հեռադիտակ ուզեր։ Ջուր չեն ունեցել, ասում էին՝ քիչ-քիչ խմում ենք, մինչև ուղարկեն։ Մենք ենք ծնողներով հավաքվել ու ուղարկել․․․ Նոյեմբերի 5-ին է զոհվել որդիս, 40 օր կռվեց․․․»։
Զոհված ժամկետայինի մայրը ևս շեշտեց, որ վաղ առավոտյան շտապել էր Եռաբլուր զինվորական պանթեոն, որպեսզի թույլ չտար, որ Նիկոլ Փաշինյանը մոտենար որդու շիրիմին․
«Ամեն մեկն իր երեխու մոտ կանգնել էր, չէր թողնելու, որ նա մոտենար․․․ Ինձ համար ավելի հպարտություն է, որ դպրոցականները եկան, որ հասարակ ժողովուրդն է գալիս, բայց պաշտոնյա՝ ոչ։ Պաշտոնյաներն այն կողմում իրենց ծաղիկները դրեցին․․․»։
Որդեկորույս մայրերն անդրադարձան նաև այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված գունագեղ միջոցառմանը՝ ասելով, որ դեմ են և դրա մասին բազմաթիվ անգամներ կառավարության դիմաց բարձրաձայնել են․․․
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում