Բաժիններ՝

Առողջապահության նախարարության ակնարկները Նիկոլ Փաշինյանին ու Արսեն Թորոսյանին

ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության բժշկական համայնքին յուրահատուկ կերպով է «շնորհավորել» Առողջապահության նախարարությունը: Նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում առողջապահության ոլորտի պատասխանատուները հրապարակել են երկու դրվագից բաղկացած մի ծաղրանկար:

Ծաղրանկարում բժշկական արտահագուստով մեկն ասուլիս է տալիս, որի ընթացքում ասում է. «Դիմակ ու ձեռնոց իմաստ չունի կրել, քանի որ չկա ոչ մի վիրուս, դա իշխանության հնարած ստերն են, չհավատաք»:

Իսկ երբ ասուլիսն ավարտվում է, բժիշկը շրջվում է մեջքով դեպի լրագրողները, և երբ նրան այլևս ոչ ոք չի տեսնում, դնում է դիմակն ու հեռանում:

Ծաղրանկարի իմաստն այն է, որ բժիշկները հակակորոնավիրուսային միջոցառումների դեմ բացահայտ քարոզ են տանում, բայց իրենք այնքան են վախենում այդ հիվանդությունից, որ առանց դիմակ չեն շրջում:

Մեծ երևակայություն է պետք ունենալ՝ հասկանալու համար Առողջապահության նախարարության հրապարակած ծաղրանկարի տրամաբանությունը: Ըստ իրենց՝ բժիշկները հակաքարոզ են անում, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ… Ո՞րն է բժիշկների օգուտը: Այս հարցի պատասխանը, բնականաբար, չկա:

Ըստ իրենց հրապարակած ծաղրանկարի «տրամաբանության»՝ բժիշկները հակաքարոզչություն են անում, բայց միևնույն ժամաակ իրենք, օրինակ, դիմակ են կրում, ինչը նշանակում է, որ հավատում են վարակի գոյությանը ու վախենում: Ուրեմն նպատակը ազգաբնակչությանը մահվան դուռը հասցնե՞լն է…

Մյուս կողմից, ի՞նչ է մտածում Առողջապահության նախարարությունը, երբ ողջ բժշկական համայնքին ըստ էության ստախոսության մեջ է մեղադրում… Դրանից հետո պիտի սկսեն վստահե՞լ բժիշկներին…

Ինչ խոսք, բավականին լավ նվեր է: Հուսանք՝ բժիշկներն ըստ արժանվույն կգնահատեն Առողջապահության նախարարության այս գնահատականը:

Իսկ միգուցե առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ակնարկն ուղղված է Նիկոլ Փաշինյանին ու իր նախորդին՝ Արսեն Թորոսյանի՞ն:

Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանն ինքնամոռաց սահմանադրական հանրաքվեի «այո»-ի քարոզարշավն էր անում, հենց նա էր անլուրջ  երաբերվում այս վարակին:

Նա էր ասում՝ «Կորոնավիրուսներին պինցետով հատիկ-հատիկ հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք»՝ արտահայտությունը պրոյեկտելով իրեն հարմար ուղղությամբ:

Իսկ այժմ արդեն իշխող ուժի պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ համարում էր, որ կորոնավիրուսը ռեսպիրատոր հիվանդություն է, որը հիմնականում տարածվում է ձմեռային շրջանում, ինչպես, օրինակ՝ նույն գրիպի վիրուսը:

«Եվ միշտ էլ մենք խորհուրդ ենք տվել, որ եթե կա կասկած որևէ հիվանդի առկայության այդ վարակով, ասենք՝ գրիպով կամ այլ ռեսպիրատոր վարակով, ցանկալի է, որ նա, օրինակ՝ փակ տարածքներում չգտնվի այլ մարդկանց հետ, փակ տարածքները պարբերաբար օդափոխվեն, բայց բաց տարածքների մասով նման առաջարկությունն իմաստ չունի, որովհետև բաց տարածքներում հիմնականում վիրուսներն արագ ոչնչանում են»,- նշել էր նա:

Այնպես որ, այս առումով, թերևս, պետք է արժանին մատուցել Անահիտ Ավանեսյանին:

168.am-ի փորձերը՝ Առողջապահության հանրային կապերի պատասխանատուներից ճշտելու այս հրապարակման իմաստն ու մոտիվացիան, ապարդյուն էին. մեր զանգերը մնացին անպատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս