Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան
Այսօր Եռաբլուր էր արցելել նաև ԵԿՄ-ն՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահն ասաց, որ անկախությունն այն արժեքն է, որի մասին շատ ազգեր են երազում:
«Մենք անկախ պետություն ենք, բոլոր միջազգային ատյաններում ճանաչված, և մենք պետք է կարողանանք պահպանել մեր անկախությունը»,- ասաց Միքայելյանը:
Հարցին, թե մեր երկրի համար անվտանգային մարտահրավերներ չի՞ տեսնում, ԵԿՄ նախագահը պատասխանեց, որ ինքն իր գործն է անում, հզորացնում է Երկրապահը, համալրում է երիտասարդներով, որ եթե ոտնձգություն լինի ՀՀ սահմանների դեմ, կանգնեն բանակի կողքին:
«Ոտնձգություններ կան, կլինեն, առավել ևս ավելի ծանր վիճակի մեջ ենք մենք հիմա, եթե սենց թողնենք կուսակցությունների հետաքրքրությանը, ամեն մեկն իր հետաքրքրություններով ժողովրդին ուրիշ բան են քարոզում, դրա համար էլ պետք է համախմբված լինենք, հիմա առավել քան երբևէ պետք է իրար հետ լինենք»:
Սասուն Միքայելյանը լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե իրենք խաղաղ զարգացման դարաշրջան են բերում, իսկ ընդդիմությունն ուզում է շեղել իրենց այդ օրակարգից, ասաց.
«Գնում է բանակցային գործընթաց: Այսօր մենք, մեր պետությունը, մեր զինված ուժերը այդ աստիճանի հզոր չենք, որ կարողանանք զենքի, ուժի միջոցով ինչ-որ արդյունքի հասնենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ամեն ինչի համաձայնենք, ադրբեջանցիներն ինչ ասեն՝ սուս ու փուս անենք, դրա համար մեզ հզորանալ է պետք»:
Լրագրողի հարցին, թե ասելիք ունի՞ այն մարդկանց, որոնք սկսել են քննադատել սպարապետ Վազգեն Սարգսյանին, մասնավորապես՝ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից ասել էր, թե Սպարապետը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ՝ խառնելով ուժային համակարգը քաղաքականությանը, նա պատասխանեց.
«Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ ա, որ Վազգեն Սարգսյանին քննադատի: Մարդ պետք է մի հատ հետահայաց գցի մեր պետության, անկախ պետականության համար իր արած գործին, անցած ուղուն, ճանապարհին՝ Արցախյան առաջին ազատամարտից մինչև այսօր, հետո նոր Վազգեն Սարգսյանի մասին խոսի: Վազգեն Սարգսյանն այն մարդն էր, որ կարողացավ ազատագրել 8000քմ տարածք, ոչ թե միայն ինքը, մենք ազգովի, բայց ինքը կարողացավ համախմբել, և մենք կարողացանք ազատագրել Արցախը, ընդլայնել մեր երկրի սահմանները, բուֆերային գոտին, որ ստեղծվել էր, էդ բուֆերային գոտին ստեղծվել էր Արցախ աշխարհի խաղաղ ազգաբնակչության համար: Նման կարգի մարդիկ շատ փոքր են, որ Վազգեն Սարգսյանին քննադատեն»:
ԵԿՄ նախագահը կողմ արտահայտվեց Անկախության տոնը նշելուն:
«Էդ «գունագեղ» բառը չեմ հասկանում, բայց մենք մեր անկախությունը պետք է նշենք: Էս տղերքը, որ զոհվել են, անկախության համար են զոհվել, եթե մենք այսօր մեր անկախությունը չնշենք, այսինքն՝ մենք հանձնվե՞լ ենք, որպես անկախ պետություն՝ չկա՞նք: Մեր անկախության օրը պետք է նշվի՝ ի փառս մեր զոհված տղերքի»,- ասաց ԵԿՄ նախագահը: