Ակնհայտ տեսնում ենք, որ այս իշխանությունները գնում են խաղաղություն մուրալու ճանապարհով. Արմեն Ռուստամյան

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն այցի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ցավոք, Անկախության 30-ամյակի օրը ավելի շատ խոսում ենք կորուստների, քան ձեռքբերումների մասին:

«Ունենք զգալի կորուստներ, բայց հույսը կորցրած չի հայ ժողովուրդը: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ ամենածանր պահերին իսկապես կարողանում ենք մոբիլիզացվել, հասկանալ, որ այլևս դանակը հասել է ոսկորին, և անհրաժեշտ է միաբանություն, անհրաժեշտ է, որ կարողանանք, մեր ուժի ճիշտ աղբյուրները տեսնելով՝ համախմբվել, վստահ եմ, որ հայ ժողովուրդը պարտավոր է դա ևս մեկ անգամ ապացուցել»,- ասաց Ռուստամյանը:

Պատգամավորի պնդմամբ՝ իշխանությունը փորձում է ցույց տալ, թե մեր երկրում ճգնաժամը հաղթահարված է, սակայն դա այդպես չէ, և դրա մասին խոսելն անգամ անիմաստ է, քանի դեռ չեն գնահատվել պատերազմի պարտության իրական պատճառները:

«Ամենակարևոր հարցն այն է, թե հիմա մենք ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում, իսկապես չենք հասկանո՞ւմ, որ մի ճանապարհ, որն առաջարկում են այսօրվա իշխանությունները, նշանակում է՝ Հայաստանի թուրքացում, մենք պետք է բոլորով հասկանանք, որ թուրքանալու է երկիրը, թուրքանալ «քիրվայություն» անելու ցանկություններով՝ դա «նոքյարություն» է նշանակում, մենք պետք է այստեղ նվաստացած ապրենք»,- ասաց Ռուստամյանը և հույս հայտնեց, որ մեր ժողովուրդը կգիտակցի՝ այս տարածքում չպետք է նվաստացած ապրի:

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պնդել է, թե Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել: Լրագրողները Ռուստամյանից հարցրին, թե մենք այժմ ի՞նչ ունենք քննարկելու Թուրքիայի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին:

«Պարզ չէ՞, թե Թուրքիան մեզանից ինչպիսի պայմաններում է ակնկալում խաղաղություն, ասում ենք՝ խաղաղություն կա՛մ մուրում ես, կա՛մ պարտադրում, հիմա մենք ակնհայտ տեսնում ենք, որ այս իշխանությունները գնում են խաղաղություն մուրալու ճանապարհով, իսկ խաղաղություն մուրալ մեկից, ով քո ոչնչացումն է ուզում, պետք է լավ հասկանալ, դա նշանակում է՝ նվաստացած ապրել այս տարածքում»,- ասաց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս