Կառավարության ծրագրում հստակ գրված է` օրակարգ ենք մտցնում խաղաղության հարցը. Գուրգեն Արսենյան

Այսօր բարձրաստիճան պաշտոնյաների՝ Եռաբլուր այցի ժամանակ լրագրողներն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանից հարցրին, թե ճի՞շտ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն պնդումը, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել:

«Ես ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի անձնական խոսակցությանը ներկա չեմ եղել, սակայն ուզում եմ ձեզ հիշեցնել հետևյալ փաստաթուղթը, որը կոչվում է ՀՀ Կառավարության գործունեության ծրագիր, որը քննարկվեց և հաստատվեց ԱԺ-ի կողմից:

Այդ փաստաթղթում՝ արտաքին քաղաքականության հատվածում, հստակ նշված է, որ Հայաստանն իր օրակարգ է մտցնում խաղաղության հարցը, իսկ այդ հարցի քննարկման մեր օպոնենտները մեր հարևաներն են, որոնց հետ այս պահին կա՛մ ընդհանրապես չունենք հարաբերություն, կա՛մ ունենք լարված, ոչ դրացիական, թշնամական հարաբերություններ:

Քաղաքական օրակարգի սպասարկման և ՀՀ անվտանգության միջավայրն ավելի կայուն և հասկանալի դարձնելու համար բնականաբար խնդիրը պետք է քննարկել այն սուբյեկտների հետ, ումից, որ այդ վտանգը կա: Մեր խաղաղության օրակարգի քննարկումը մենք չենք անցկացնելու Եթովպիայի կամ Հարավային Կորեայի հետ, մենք պետք է անցկացնենք մեր հարևանների, այդ երկրների ղեկավարության հետ»,-ասաց Արսենյանը և ավելացրեց՝ եթե քննարկում են խաղաղության հարցը, ապա դա պետք է քննարկվի տվյալ երկրի այն պաշտոնյայի հետ, որն ունի այդ իրավասությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս