Երբ դու պարտվող ես, ինքդ ես խնդրում, որ քեզ հետ խոսեն, իհարկե, դրվում են ամենախիստ պայմաններն ու պահանջները. քաղաքագետ

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին, ասաց, որ ամենակարևորը վախի հաղթահարումն է:

«Պետք է հաղթահարվի այն, ինչն այսօր ամենաողբերգականն է՝ վախը։ Ժողովուրդը և՛ բարոյալքված է, և՛ հուսալքված։ Եթե չհաղթահարվեն, ոչինչ հնարավոր չի լինի անել»,- ասաց Միհրանյանը:

Քաղաքագետի խոսքով՝ շատերը մտածում են, թե նահանջելով, զիջելով՝ կարելի է խուսափել արհավիրքներից, անխուսափելի կործանումից, որը սպասվում է ժողովրդին ու պետականությանը, սակայն դա բոլորովին էլ այդպես չէ։

«Փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում դուք ուղղակի մի քիչ ձգում եք ժամանակի իմաստով, բայց կործանումը լինում է անխուսափելի»,- ասաց Միհրանյանը և ավելացրեց, որ ժողովուրդը պետք է հասկանա՝ եթե չկա պայքարի պատրաստակամություն, հանուն հայրենիքի և պետության կյանք զոհելու պատրաստակամություն, ապա պետությունն ու հայրենիքը գոյություն չեն ունենա։

Միհրանյանն անդրադարձավ նաև Անկախության 30-ամյակի «գունագեղ տոնակատարությանը», ուշադրություն հրավիրեց միջոցառման լոգոտիպի վրա: Նրա կարծիքով՝ այնտեղ ոչ թե 30, այլ 3 թիվն է երևում:

«Եթե դա արել են Փաշինյանի բարի ցանկացողները, նրանք ուղղակի չեն հասկացել, թե ինչ արջի ծառայություն են մատուցել: Այդ 3-ով փաստորեն այս 3 տարին տարանջատվում է այն 27 տարիներից, հաղթողի հոգեբանությունից, դեպի ապագա գնացող ժողովրդից, այն հույսերից ու նպատակներից: Ուրեմն 3 տարի այս մարդիկ պատրաստել են թաղումն այս պետականության և այս ժողովրդի, այդ 3-ը դա է մարմնավորում: Ճիշտ է՝ այն 27 տարվա հետ դուք ոչ մի կապ չունեք: Այս 3 տարվա նվաստացումը, պարտությունները, բարոյալքությունն ու հուսալքությունն են ձեր գանձն ու ժառանգությունը»,- ասաց քաղաքագետը։

Նա հիշեց, որ նախկինում թուրքական կողմից Հայաստանին ուղղված պահանջները սահմանափակվում էին խնդրանքով, որ Արցախյան հարցում մի փոքր ընդառաջ գնան ադրբեջանական առաջարկներին, որպեսզի իրենց եղբայրական պետությունը չմտածի, թե թուրքերը մոռացել են իրենց մասին:

«Բայց հիմա, երբ դու պարտվող ես, երբ դու թույլի վիճակից ես ներկայանում, ինքդ ես խնդրում, որ քեզ հետ խոսեն, իհարկե, դրվում են ամենախիստ պայմաններն ու պահանջները»,- ասաց ռուսաստանցի քաղաքագետը։

Միհրանյանի խոսքով՝ չնայած Նիկոլ Փաշինյանը մշտապես պնդում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, նրա քայլերն այլ բան են ցույց տալիս:

«Այսօր ամբողջ բլոգոսֆերան Հայաստանում թաղված է հակառուսական գրառումների մեջ, որոնց հիմնական գաղափարն այն է, որ այն, ինչ կատարվեց Հայաստանի հետ՝ պատերազմ, հետպատերազմյան իրավիճակ, սա թուրք-ռուսական դավադրությունն է Հայաստանի դեմ: Սա չի կարող վրիպել Ռուսաստանի ուշադրությունից… եթե ճիշտ են այս հաղորդագրությունները, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը հանդիպում է խնդրել Էրդողանի հետ, հարկավոր է սպասել Մոսկվայի արձագանքին: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ եթե Հայաստանը պատրաստ է գնալ պայմանավորվածության Ադրբեջանի և Թուրքիայի հետ, սա բերում է նրան, որ սրանք միայն խոսակցություններ չեն, գործի են անցնում:

Եթե ստորագրում ես Էրդողանի և Ալիևի հետ ինչ-որ փաստաթղթեր, ապա դա բերում է կտրուկ փոփոխության ամբողջ տարածաշրջանում: Նախ՝ ռուսական խաղաղապահ ուժերի անհրաժեշտությունն այստեղ վերանում է, երկրորդ՝ վերանում է Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում, և նշանակում է, որ այն բացվում է թուրքական աշխարհի ազդեցության համար, երրորդ՝ դու ասում ես քո ժողովրդին, որ եթե մենք հաշտության պայմանագրեր ենք կնքում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ապա ի՞նչ կարիք ունենք ռուսական բազայի Հայաստանում: Բոլորս էլ գիտենք, որ այս իշխանությունները մշտապես եղել են արևմտամետ, այդ դեպքում էլ կասեն՝ ուրեմն մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ է և Միացյալ Նահանգների ներկայությունը մեր տարածաշրջանում: Սա չի կարող չստեղծել մեծ անհանգստություն»,- ասաց քաղաքագետը և պնդեց, որ այս ամենը կարող է Մոսկվային ստիպել ավելի ակտիվ քայլերի դիմել:

Տեսանյութեր

Լրահոս