Ոստիկանությունում խորհրդային ժամանակներից ժառանգած «պետի պաշտամունք» է, պետն ասի՝ հորդ չափալախի, կգնա, կչափալախի. Գևորգ Պետրոսյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ Անկախության 30-ամյակը «գունագեղ» նշելու դեմ շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուն: Իրավաբան Պետրոսյանի գնահատմամբ՝ ոստիկանների գործողությունները ոչ օրինաչափ են եղել, քանի որ նրանք առանց հիմնավորման սահմանափակել են մարդկանց ազատ տեղաշարժի, կարծիքն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունքները:
«Այսօր ՀՀ ոստիկանությունը, բացառությամբ որոշ ստորաբաժանումների, որոնք իսկապես քրտնաջան աշխատանք են կատարում հանուն ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանուն իրավակարգի ամրապնդման, մեծ մասը լծվել է ապօրինությունների գործին: Նրանց միակ նպատակն այն է, թե ո՞նց պաշտպանեն Նիքոլ Փաշինի իշխանությունը գոնե մեկ օր ավելի: Ամբողջ ոստիկանությունը լծվել է այդ գործին»,- ասաց Պետրոսյանը:
ԱԺ նախկին պատգամավորը պնդեց, որ ոստիկանության՝ սեպտեմբերի 19-ի գործողությունները որևէ կապ չունեն ո՛չ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի, ո՛չ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի, ո՛չ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի և ո՛չ էլ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի նպատակների, խնդիրների և սկզբունքների հետ:
«Ոստիկանությունում դեռևս գործում է խորհրդային ժամանակներից ժառանգած «պետի պաշտամունքի» ինստիտուտը, կարևոր չէ, թե ժողովուրդն ի՞նչ է անում, կարևորը, որ պետն ասում է՝ բռնեք տարեք սրան, ոչ մի հակադրություն… «Պետի պաշտամունքն» այն աստիճանի է հասել, որ պետն ասի՝ գնա հորդ չափալախի, կգնա, կչափալախի, որովհետև պետն ա ասել… Դուք ՀՀ ոստիկանները չեք, դուք Նիքոլ Փաշինի ոստիկաններն եք»:
Պետրոսյանին ևս ձերբակալել էին: Նրա ձերբակալման արձանագրության մեջ գրված է եղել, որ չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին և իրականացրել է ցույց, մինչդեռ իրեն ձերբակալել են սրճարանից դուրս գալիս:
«Իմ ձերբակալման արձանագրություն գրողին՝ ոմն Տիգրան Գևորգյան, ես իրա հետևից գնալու եմ, իհարկե, օրենքի ճանապարհով, նմանները չպետք է աշխատեն համակարգում, ոստիկանին երբ ասում ես՝ ներկայացիր, նա փախնում է, դրանով խախտում է օրենքը»,- ասաց Պետրոսյանը:
ԱԺ նախկին պատգամավորը, անդրադառնալով Անկախության 30-ամյակը «գունագեղ տոնակատարությամբ» նշելուն, հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ վաղ անցյալում ասել է, թե ՀՀ-ն չի կարող անկախ պետություն լինել, իսկ մեր կողմից արձագանք չի եղել:
«Էդ խոսքից անցել է համարյա 2 ամիս: Այ տղա, դու որ իրեն չես հակադարձել, դու ի՞նչ իրավուքն ունես անկախության տոն նշել, բա մի հատ հելնեիր ասեիր՝ «այ Ալիևիկ», դուք եք կախված սորոսներից և չգիտեմ ինչերից, բա մի հատ հակադարձեիր: Քո թշնամի երկրի ղեկավարը քեզ ասում է՝ դու անկախ պետություն լինել չես կարող, դու «գունագեղ տոնակատարություն» ես անում»,- ասաց Պետրոսյանը:
Նա նաև նշեց, որ չի կարելի 2 մլն դոլար ծախսել միջոցառման վրա այն դեպքում, երբ արդեն սկսել են հետաձգել կենսաթոշակների տրամադրումը:
«Դու մարդուն ինչի՞ համար ես կանչում տոնախմբության, կախյալ երկրի սոված քաղաքացուն, թոշակ չստացող քաղաքացուն կանչում ես տոնախմբությա՞ն»,- ասաց Պետրոսյանը:
ԱԺ նախկին պատգամավորը պնդեց՝ ոչ ոք չի առաջարկում չնշել անկախության տոնը, խնդիրը «գունագեղ տոնակատարությունն» է: