Ստիպված ցիստեռն եմ վարձել, որ ջրեմ․ միակ եկամուտս սա է մնացել, որ բանկերից պրծնեմ․ Քարակերտի բնակիչ

Ինչպես Հայաստանի շատ համայնքներում, այնպես էլ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում ոռոգման ջուրը լուրջ խնդիր է հողագործությամբ զբաղվողների համար։

Քարակերտցի Վարդան Թադևոսյանն ամիսներ շարունակ տանջվելով, արևի տակ քրտնելով՝ լոլիկ, սմբուկ և պղպեղ է մշակել, իսկ այսօր ջուր չկա, բերքը փրկելու համար ծայրահեղ քայլի է գնացել, ջրատար մեքենա է վարձել և լոլիկի մարգերն է ջրում․

«Ջուր չկա, սաղ ապրանքն էլ չորանում է, մի 15 օր է՝ ջուր չի եղել։ Մի անգամ թողեցին, ջրերն եկավ, նորից կտրեցին, ասացին՝ ջուր չկա, լիճը դատարկ է․․․ Չփչանալու համար ստիպված ցիստեռն եմ վարձել, որ ջրեմ։ Միակ եկամուտս սա է մնացել, որ բանկերից պրծնենք։ Հիմիկվա դրությամբ, որ մարդիկ արդեն սկսում են բերքը հանել, ջուր չկա, էս էլ այնպիսի բուսականություն է, որ ջուր է ուզում, մի բերք քաղեցիր, պետք է ջրես, ջուր էլ չի լինում, 15 օր չի ջրվել, վիճակը նայեք, չորացել ա սաղ բերքը, բիբարի քոլերը սաղ թորմշել են, էլ այնտեղից եկամուտ չկա, մնացել է պոմիդորը»։

Վարդանն ասում է՝ եղած բերքը պահելու համար, միայն այդ օրը 5 ցիստեռն ջուր էր բերելու, իսկ յուրաքանչյուր մեքենան 4-5 հազար դրամ արժե։ Վարդանը նաև շինարարությամբ է զբաղվում, բայց գյուղում շատ քիչ են նման աշխատանքները, ասում է՝ առաջարկները հիմնականում ավելի մեծ համայնքներից և քաղաքներից են լինում․

«Էջմիածին, Հոկտեմբերյան, Երևան, կանչում են, ուղղակի գնալ-գալն էլ ձեռք չի տալիս, մնալու տեղ էլ համարյա չկա, պետք է տուն վարձես, աշխատավարձիդ կեսը տաս տան վարձ, կեսն էլ չգիտես՝ տանը կհերիքի, չի հերիքի․․․ Եսիմ, հազար ու մի դարդ կա, էլի․․․ էս երկրի կրիզիս վիճակն էլ սենց, կռիվ-մռիվ, ես շատ գիտեմ…»։

Ու այսպես հազար ու մի հոգսի տակ կքած, դժվարությունները մի կերպ հաղթահարելով՝ հող են մշակում, որպեսզի գոնե վարկերը կարողանան մարել, իսկ գյուղում շատերն ունեն վարկեր․

«Ըտենց տուն չկա, որ վարկի տակ չլինի, հազվագյուտ մարդիկ են, որ վարկի տակ չեն, բանկերին տալու չունեն։ Ունենք, տալու ունենք, էս ձև որ գնա, հազիվ էլ հասցնենք վարկերը փակենք․․․ Ի՞նչ անենք, մի բան էլ հետ գցենք՝ մենք ապրենք, դեմն էլ ձմեռ է․․․»։

Այո՛, ամառն անցավ, աշունն էլ ճամփա է ընկել, շուտով ձմեռ կգա, բայց  գյուղացիներին խոստացած ոռոգման ջուրն այդպես էլ տեղ չի հասնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս