«Հիմա ինձ ասեք՝ ո՞ր օրենքում է գրված, որ բանավոր պայմանավորվածությամբ ՀՀ սահմաններից կարող է զորք հետ գնալ». Արամ Վարդևանյան
«Դուք աշխարհում չեք գտնի մի երկիր, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքի մակարդակում որոշի ՀՀ պետական սահմանի վերաբերյալ հարցեր: Չի կարող այդպես լինել: Ավելին, վարչատարածքային բաժանման մասին օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր, այսինքն՝ ոչ մի կերպ չի կարող առնչվել ստեղծված իրավիճակին»,- Ազգային ժողովում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով ՀՀ սահմանային զիջումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից շարունակ «ՀՀ վարչատարածքային բաժանումների մասին» օրենքին հղում տալու հարցին:
Արամ Վարդևանյանը մի պարզ բանաձև ներկայացրեց՝ նշելով, որ եթե այդպես լիներ, 2010թ. ընդունված օրենքը եթե այդպիսի «արժեք» ունենար, մենք քանի՞ անգամ էինք լսելու դրա վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններում:
«Թե՞ ձեզ թվում է՝ իրենք չէին լսել այդ օրենքի մասին: Իհարկե, լսել էին, բայց այլ հարց է, որ այդ օրենքն այդ տեսանկյունից ուներ զրո արժեք: Միջազգային իրավունքի ցանկացած, տարրական գիտելիքներ ունեցող մասնագետ կհաստատի այս խոսքերը: Հակառակ պարագայում մենք միջազգային բանակցային գործընթացի մեջ լրջագույն խնդիրներ էինք ունենալու, բայց չենք ունեցել: Ինչո՞ւ չենք ունեցել, որովհետև չէինք էլ կարող ունենալ նման հասարակ, սովորական մակարդակի օրենքով»,- ասաց իրավաբան-պատգամավորը:
Վերջինս նշեց, որ այդ օրենքը, ի դեպ, ընդունվել է 1995թ., և տվյալ դեպքում խոսքը փոփոխությունների մասին է:
«Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հնչեց մի միտք, որ այս օրենքին հղում է տրվում զուտ բարոյական, խրատական իմաստով, ոչ թե իրավական կամ կիրառական իմաստով: Այն մասին, որ դա զրո նշանակություն ունի, խոսել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, դրա մասին է վկայում այն իրական կյանքը, որի ականատեսն ենք եղել մենք, որովհետև այդ օրենքը երբեք չի օգտագործվել հակառակ մեր շահերի»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Պատգամավորի խոսքով՝ ի վերջո, կարելի պարզել, թե ո՞վ է եղել այդ օրենքի նախագծի հիմնական զեկուցողը, և հարց տալ՝ արդյո՞ք այդ պաշտոնյան դեռևս պաշտոնավարում է:
«Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե մենք հիմա «Վարչատարածքային բաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անենք և գրենք, որ ՀՀ սահմանները մինչև Բաքու են հասնում, դրանով հարցը լուծվում է: եթե լուծվում է, երաշխավորում եմ ձեզ՝ մենք րոպե առաջ կբերենք այդ նախաձեռնությունը, և վերջիվերջո այս հարցին կտանք լուծում, մի բան էլ ավել»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Նա հիշեցրեց, որ որևէ պաշտոնատար իրավասու չէ կատարել գործողություններ, որոնց համար լիազորված չէ օրենքով:
«Հիմա ինձ ասեք՝ ո՞ր օրենքում է գրված, որ բանավոր պայմանավորվածությամբ ՀՀ սահմաններից կարող է զորք հետ գնալ: Մի հատ ուղիղ հարց տվեք՝ որտեղ է դա գրված: եթե գրված չէ, ու դա արվում է, դա առնվազն Քրեական իրավունքի տիրույթում է: Դա առնվազն լիազորությունների չարաշահում է»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում