Եթե նույնիսկ անմեղության կանխավարկած եմ խախտում, ճիշտ եմ անում. Արամ Վարդևանյան

«Մի քանի շաբաթ առաջ ելույթներիցս մեկում ես հստակ գնահատական տվեցի Ադրբեջանի և Թուրքիայի՝ բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ առ այն, որ իրենք միջազգային հանցագործներ են: Իհարկե, իշխող խմբակցության կողմից ընդհուպ դիտարկվեց, որ ես անմեղության կանխավարկած եմ խախտում: Եթե նույնիսկ խախտում եմ, ճիշտ եմ անում, որովհետև կան դեպքեր, երբ դրանք այն աստիճան ակնհայտ են, որ այլ որակում տալ հնարավոր չէ»,- Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով ՀՀ կողմից ներկայացված գանգատի վերաբերյալ հարցին:

Արամ Վարդևանյանը գտնում է, որ այդ տրամաբանության մեջ ներկայացված գանգատը տրամաբանական է, նույնիսկ՝ ուշացած, թեպետ հասկանում է, որ դա իր մեջ իրավական գործընթացի բազմաթիվ շերտեր ունի:

«Ես առնվազն այն հաղորդագրությանը, որը տարածվեց, ծանոթացել եմ, և դրա տեքստից ու բովանդակությունից պարզ է, որ այն նաև հենց վերաբերում է 44-օրյա պատերազմին»,- ասաց Արամ Վարդևանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը կարծում է, որ գանգատի մեջ կարելի էր նաև ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դերակատարումն ընդգծել, որովհետև հենց նույն 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս էր ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից ընդգծվում Թուրքիայի ուղղակի մասնակցությունն այդ միջազգային հանցագործություններին:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածվածին, կարծում եմ՝ այն առավել շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական, առավել ևս միջազգային իրավունքի, որովհետև միջազգային հանրության համար ակնհայտ է, թե որ կողմից է ամեն ինչ սկսվել, և ընդգծեմ առաջնայինը՝ ուժի կիրառման արգելքի խախտումը, էլ չասենք փոքրամասնությունների խտրականության արգելքը, ինքնորոշման իրավունքի նման բռնի կերպով ոտնահարումը, որին մենք ականատես ենք եղել, և որը մինչ օրս շարունակվում է»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Մյուս կողմից, ըստ պատգամավորի, իր համար հասկանալի չէ, թե ինչպես է ստացվում, որ ՀՀ պաշտոնատար անձանց դիրքորոշումները չեն բխում այդպիսի գանգատ ներկայացնելուց, և ինչո՞ւ նման գնահատականներ չեն տրվում Ադրբեջանի կողմից հնչող զառանցանքներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս