«Ես խոսում եմ այսօրվա խնդրի մասին, իսկ Դուք ինձ ասում եք՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 250 անհետ կորածներ են եղել». Էլինար Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցը վերաբերում էր օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ)՝ Ադրբեջանում մեր ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալ զեկույցին:
«Օրեր առաջ ՄԻՊ-ը հրապարակեց դաժան տվյալներ, որոնք հիմնված էին լուրջ փաստահավաք աշխատանքների վրա, և որոնք ցույց են տալիս, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվել և պահվում մեր ռազմագերիները: Եվ որքան էլ հորդորեք այս դահլիճում չներկայացնել այդ խոշտանգումները, որոնց ենթարկվել և ենթարկվում են մեր գերիները, դրանից իրականությունը չի փոխվի… Ավելին, իրավապաշտպանների կողմից հրապարակվեցին թվեր, համաձայն որոնց՝ Ադրբեջանի կողմից գերեվարված 38 անձ արտադատական գնդակահարությունների է ենթարկվել, ևս 30-ի վերաբերյալ այս պահին տվյալներ են հավաքվում»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Շարունակելով՝ նա նշեց, որ նոյեմբերի 9-ից անցել է 10 ամիս, բայց մեր տղաների մասին այդպես էլ տեղեկություն չկա. նրանց ճակատագիրը մնում է օդում կախված:
«Մենք չենք կարող ապրել այնպես, ասես ոչինչ չի պատահել: Ի՞նչ եք անում դուք, ի՞նչ է արվում մեր ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու համար»,- հարց ուղղեց Էլինար Վարդանյանը: Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, ով նախ ասաց, որ այն տեղեկությունները, որոնք հիշատակում է ընդդիմադիր պատգամավորը, առաջին հերթին հավաքագրվել են պետական մարմնների կողմից, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի, գլխավոր դատախազության, ԱԱԾ, ՊՆ-ի կողմից:
«Եվ գուցե դրանց վերաբերյալ մամուլի ասուլիսներ չեն տրվում, բայց ամենօրյա աշխատանք է արվում այդ ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հենց կարգավիճակի անունը խոսում է այն մասին, որ անձի գտնվելու վայրի տվյալները և ճակատագիրը պարզելու հետ կապված՝ կան բարդություններ:
«Այսօրվա դրությամբ մենք գտնվելու վայրը անհայտ, վերջին տվյալով՝ 243 անձի մասին ենք խոսում»,- ասաց նա՝ հավելելով, որ արվում է ամեն հնարավորը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում որևէ դիվանագիտական ներկայացուցիչ որևէ միջազգային հանդիպում չի ունենում, որտեղ առանցքում չլինի գերիների և անհետ կորածների թեման՝ սկսած խորհրդարանական հարթակներից մինչև կառավարություն:
«Էն, ինչ որ արվում է, դա այն թեման չէ, որ մենք այս ամբիոնից պետք է քննարկենք: Գոհացուցի՞չ է արդյոք… Ոչ, քանի դեռ բոլորը վերադարձած չեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արձագանքելով՝ Էլինար Վարդանյանն ասաց, որ իր հարցը չի վերաբերում անհետ կորածներին, խոսքը նրանց մասին է, ովքեր ենթարկվել են հարկադիր անհետացման, այն մարդկանց, որոնց տեսել են բանտերում, այնուհետև նրանց մասին որևէ ինֆորմացիա չկա, և ըստ էության նրանք հարկադիր անհետացման են ենթարկվել և միգուցե սպանվել են:
«Ես խոսում եմ այսօրվա խնդրի մասին, իսկ Դուք ինձ ասում եք՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 250 անհետ կորածներ են եղել: Շատ վատ է, որ եղել են: Բայց ես ասում եմ այն մասին, ինչի համար պատասխանատու եք Դուք, ձեր իշխանությունը: Այն պայմաններում, որում գտնվում են մեր տղաները, գոհացուցիչ չի կարող լինել այն ընթացքը, որով փորձում ենք իրենց հետ բերել: Չի կարող գոհացուցիչ լինել այն, որ նրանք 10 ամիս հետո գտնվում են Բաքվի բանտերում»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք չէ հավելյալ ջանք թափել՝ արտահայտելու դժգոհություն, որովհետև ընդդիմությունը չի կարող իրենցից ավելի դժգոհ լինել իրենց արածների և չարածների թեմայով:
«Ես այդ առումով գուցե թե ՀՀ ամենադժգոհ քաղաքացին եմ այդ աշխատանքում մեր ձեռք բերած արդյունքների վերաբերյալ: Նկատի ունեմ՝ ես Ձեր ասածին որևէ ձևով չեմ կարող հակադրվել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում