Այս պահին կորոնավիրուսի արձանագրված մտահոգիչ ցուցանիշ կոնկրետ դպրոցի երեխաների շրջանում չունենք. Անահիտ Ավանեսյան
Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց, թե ունե՞ն տվյալներ՝ քանի՞ դպրոցում է կորոնավիրուսի պատկերը մտահոգիչ, արդյո՞ք չեն պատրաստվում անցնել փոքր սահմանափակումների, օրինակ՝ կրկին դպրոցները դարձնեն օր ու մեջ:
Հիշեցնենք՝ այս տարի սեպտեմբերից այլևս չի գործում 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարաններում դասապրոցեսը օր ու մեջ կազմակերպելու ռեժիմը, աշակերտները դասի հաճախում են ամեն օր:
«Մենք բոլոր սահմանափակումները կիրառում ենք ըստ անհրաժեշտության և ըստ հակահամաճարակային իրավիճակի: Երբ պետք է որոշում կայացնեինք՝ արդյոք դպրոցները բացվե՞ն, ինչպե՞ս աշխատեն, ծանրութեթև անելով բոլոր հանգամանքները, հասկանալով, որ կրթական պրոցեսները չեն կարող տարիներով հետաձգվել և խաթարվել, ընդունվեց որոշում, որ դպրոցները կվերաբացվեն, կաշխատեն՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Իհարկե, ընթացքում իրականացնում ենք մոնիտորինգային աշխատանքներ, և եթե զգանք՝ որևէ կոնկրետ դպրոցում քովիդի հիվանդացության տոկոսը՝ անգամ մինչև 10 տոկոսը, մտահոգիչ է, ապա կձեռնարկենք միջոցառումներ հենց տվյալ դպրոցում՝ չխաթարելով ողջ հանրապետության կրթական գործընթացը: Այս պահին արձանագրված մտահոգիչ ցուցանիշ երեխաների շրջանում, կոնկրետ դպրոցի շրջանակներում չունենք, երբ կունենանք, այդ դեպքում մեր սահմանափակող միջոցները կկիրառենք կոնկրետ դպրոցի նկատմամբ»,- ասաց Ավանեսյանը: