
51-րդ հիմնական դպրոցը նոր գույք կունենա

Այսօր Երևանի ավագանին կողմ քվեարկեց «Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ավագանու որոշման նախագծին, որով փոփոխություն կատարվեց Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեում:
«Հիմք ընդունելով 2021 թվականի օգոստոսի 27-ի ՀՀ կառավարության 1388-Ն որոշումը, նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսային մասում «Հանրակրթական դպրոցներին գույքով և տեխնիկայով ապահովում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրով նախատեսել 22 մլն 565 հազար դրամ՝ «Երևանի Վ. Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին կապիտալ դրամաշնորհ տրամադրելու համար՝ նորակառույց շենքի նոր գույքի ձեռքբերման նպատակով, նույն չափով նվազեցնելով «Հանրակրթական ուսուցում» ծրագիրը»,- զեկուցեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:
Ավագանու անդամներից մեկի հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ որևէ ծրագիր այս փոփոխությունից չի տուժելու:
«Սա ընդամենը հոդվածափոխություն է»,- ասաց Ներսեսյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը քվեարկությունից հետո (40 կողմ, 1 ձեռնպահ) արձանագրեց.
«Դպրոցը նոր գույք կունենա»: