Դավթյան Արթուրին հարցրե՞լ եք՝ էդ ո՞նց եղավ, որ դու մնացիր. Արամ Վարդևանյանը՝ իշխանական պատգամավորներին
Այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն պնդմանը, թե ինքը սիրում է հղում տալ տարբեր դատական ակտերի, սակայն հղում չի տալիս Վերաքննիչ դատարանի որոշմանը, որով չեղարկվել է ԿԸՀ-ի ՝ լռության օրը խախտելու մասին նախազգուշացումը Նիկոլ Փաշինյանին:
«Ես այդ դատական ակտին հղում չեմ տալիս մեկ պատճառով, որովհետև դատավորը, մինչև այդ դատական ակտը կայացնելը, ԿԸՀ-ին բացահայտել է մի շատ կարևոր հանգամանք, դատավարագետները գիտեն, որ դատավորները պարտավոր են սեփական նախաձեռնությամբ բացահայտել հանգամանքներ, որոնք կարող են հանգեցնել իր բացարկին, դատավորն ասել է՝ հարգելի ԿԸՀ և մյուս կողմ, մյուսն կողմն էլ ՔՊ-ն է, այնպես է ստացվել, որ իմ մերձավոր ազգականն ուղղակի առնչություն ունի ՔՊ-ի հետ, սա դատավորն է ասել, դրանից հետո դատավորին բացարկ չեն հայտնել, եթե հայտնեին, այդ դատավորն այդ դատական ակտը չէր կայացնելու, հիմա կարո՞ղ եմ ասել, որ այդ դատական ակտը վստահության խնդիր ունի»,- ասաց Վարդևանյանը:
Անդրադառնալով ՔՊ պատգամավորների, մասնավորապես՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված այն պնդմանը, թե «1996-ից մինչև 2018 թվական բոլոր ընտրությունները ՀՀ-ում կեղծվել են»՝ Վարդևանյանը հույս հայտնեց, որ այս պնդումը նույն շեշտադրմամբ կկատարվի վաղը.
«Որովհետև վաղն ԱԺ-ում լինելու է Գագիկ Ջհանգիրյանը, ով բավականին մեծ հեղինակություն և կարգավիճակ է ունեցել, օրինակ, 1996թ․ ընտրությունների ժամանակ և, ի դեպ, ընտրություններ կեղծելը հանցանք է: Տիկին Դավոյանն ասում է, որ մեզ տեսնելով՝ «անցյալի, նախկինի» ինչ-որ բախման մեջ է լինում, իսկ պարոն Մուկուչյանի դեպքում ավելի ինտենսիվ չի լինո՞ւմ այդ բախումը, կամ՝ երբ Արթուր Դավթյանը՝ գլխավոր դատախազը, որը 2017թ․ ՏԻՄ ընտրությունների Ձեր վկայակոչած դեպքի հետ կապված 0 գործողություն էր կատարել, օրինակ՝ Դավթյան Արթուրին ասո՞ւմ եք՝ էդ ո՞նց եղավ՝ դու մնացիր, չեք ասում»: