Հայկ Կոնջորյանը խուսափեց մեկնաբանել Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական կետ տեղադրելու փաստը

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ամեն կերպ խուսափեց մեկնաբանել Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիների տեղադրած ոստիկանական կետի և իրանցի վարորդներին ու նրանց մեքենաները ստուգելու փաստի մասին:

«Այս պահին ես կսահմանափակվեմ ԱԱԾ-ի տարածած հայտարարությամբ և հավելյալ մեկնաբանություն չեմ անի, երբ նոր մեկնաբանության անհրաժեշտություն լինի, ապա մեր համապատասխան ծառայությունները հանդես կգան հայտարարությամբ, և եթե կարիք լինի հավելյալ մեկնաբանություն անելու, ապա այդ դեպքում ես կամ մեր պատգամավորները ևս հավելյալ մեկնաբանություն կանեն»,- ասաց Կոնջորյանը:

Ճշտող հարցին՝ չի մեկնաբանո՞ւմ, թե՞ չի տիրապետում տեղեկատվության, Կոնջորյանը կրկին խուսափողական պատասխան տվեց, թե ԱԱԾ-ի հաղորդագրությունից զատ՝ որևէ բան չունի ասելու:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է  ենթադրում այդ կարգավորումը: Կոնջորյանը համառորեն այս հարցին էլ հստակ պատասխան չտվեց ու չմեկնաբանեց:

Լրագրող.- Ազգն անորոշության մեջ է, ԱԱԾ-ն տարածել է ոչինչ չասող 4 տողանի հայտարարություն, իշխող քաղաքական ուժի առանցքային ներկայացուցիչները ոչինչ չեն մեկնաբանում, այս ֆորսմաժորային իրավիճակում Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հետագա ընթացքը:

Հայկ Կոնջորյան.- Ես Ձեր հարցին պատասխանեցի:

Լրագրող.- Գոնե դատապարտո՞ւմ եք ադրբեջանցիների այդ քայլը:

Հայկ Կոնջորյան.- Այս հարցի մասին մեկնաբանություն այլևս չեմ տալիս:

Պատգամավորը խնդրեց այս թեմայից դուրս այլ հարցեր ուղղել իրեն: Լրագրողները հետաքրքրվեցին, թե եթե իշխանությունն իրենք են, ու մեր երկրում այս իրավիճակն է, ի՞նչ հարցնեն իրեն, կամ ումի՞ց մեկնաբանություն ուզեն ստեղծված իրավիճակի հետ կապված: Հայկ Կոնջորյանն արձագանքեց, որ հարցը լեգիտիմ է, բայց կան կոնկրետ լիազոր մարմիններ, որոնք այս մասով աշխատանք են տանում, և առաջնային մեկնաբանությունները գալիս են այդ մարմիններից:

Հարցին, թե փակ ճանապարհներով Սյունիքում ապագա կա՞, Կոնջորյանն արձագանքեց.

«Սյունիքում միանշանակ ապագա կա, ամբողջ Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա»:

Տեսանյութեր

Լրահոս