Արդյո՞ք ՀՀ-ում եղել է մի պաշտոնյա, որը խախտել է ընտրության օրվան նախորդած լռության օրը. Հռիփսիմե Ստամբուլյանը՝ Մուկուչյանին
Այսօր ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ խորհրդարանի դատին ներկայացրած ԿԸՀ գործունեության մասին հաղորդմանը, ասաց, որ ավելի բովանդակային և լուրջ զեկույց էր սպասում, քանի որ այս ընտրությունները տարբերվում էին նախորդ բոլոր ընտրություններից:
«Այս ընտրությունների արդյունքով շատ բան էր պայմանավորված՝ կապված մեր պետականության պահպանման, մեր ժողովրդի անվտանգային խնդիրների հետ: Այսօր բոլորս ականատես ենք լինում, թե Հայաստանի սուվերեն տարածքում մեր ազգաբնակչությունն ինչ խնդիրների է բախվում, բայց Ձեզանից որևէ բան այդ մասով չլսեցի, և վարչական իրավախախտումների մասին ոչինչ չասացիք, կարծես վարչական ռեսուրսի որևէ չարաշահում տեղի չի ունեցել: Քանի որ բավականին երկար տարիներ ղեկավարում եք մեր երկրի համար այս կարևոր կառույցը, կուզենայի, որ ասեք՝ արդյո՞ք Հայաստանի պատմության մեջ եղել է որևէ պաշտոնյա, կամ ամենամեծ լծակներով օժտված պաշտոնյա, ով խախտել է լռության օրվա պահպանման հետ կապված կանոնները, և ի՞նչ արձագանք է տվել ԿԸՀ-ն այս հարցով»,- ասաց Ստամբուլյանը:
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» դաշինքը դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ ՔՊ առաջին համար Նիկոլ Փաշինյանի կողմից լռության օրը խախտելու մասին, ինչից հետո հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել Փաշինյանի նկատմամբ: ՔՊ-ն բողոքարկել էր որոշումը, դատարանը բավարարել էր բողոքը և չեղարկել ԿԸՀ-ի նախազգուշացումը:
«Կա դատական ակտ՝ կայացված Հայաստանի Հանրապետության անունից, դա կարող է դուր գալ, կամ դուր չգալ, ուժի մեջ մտած դատական ակտն օրենք է, և վերջակետ»: