Էլ ի՞նչ պետք է լիներ, որ ԿԸՀ-ն Մեղրու քաղաքապետի և մյուս թեկնածուների շուրջ կատարվողը քաղաքական հետապնդում որակեր. Հայկ Մամիջանյանը՝ Տիգրան Մուկուչյանին
Այսօր ԱԺ-ում ԿԸՀ նախագահի հետ հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Տիգրան Մուկուչյանին հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, որ հանձնաժողովը բավարարել է պատգամավորների թեկնածուների նկատմամբ հետապնդում սկսելու բոլոր դիմումները:
«Պատգամավորի մոտ 10 թեկնածուի հետ կապված, թիվը կարող եմ մի փոքր խառնել, եղել է դիմում ԿԸՀ-ին՝ հետապնդում սկսելու հետ կապված, և դրանք բոլորը բավարարվել են փաստացի: Մանավանդ ես կուզենայի ուշադրություն դարձնել, օրինակ՝ Մեղրու քաղաքապետի դեպքին, երբ որ չհիմնավորված և անիմաստ մասկի-շոու տեղի ունեցավ Երևան քաղաքում գտնվող ՏԻՄ ղեկավարի նկատմամբ, ինչ-որ պաշտոնական դիրքի չարաշահում և այլն… այս ամենը, ինչի մասին Դուք ՍԴ-ում խոսել եք: Պարոն Մուկուչյան, ուզում եմ հիշեցնել, որ, բնականաբար, Ձեր ֆունկցիան այս պարագայում դատարանի ֆունկցիա չէ, այսինքն՝ Ձեր ֆունկցիան է՝ քաղաքական հետապնդումից զերծ պահել քաղաքացիներին, եթե ճիշտ եմ հասկանում օրենքի պահանջը… կուզենայի հարցնել՝ էլ ի՞նչ պետք է լիներ, որ ԿԸՀ-ն դա որակեր՝ որպես քաղաքական հետապնդում… ի՞նչ պետք է տեղի ունենար, որ ԿԸՀ-ն որակեր, որ թեկնածուներից որևէ մեկի նկատմամբ տեղի ունեցող հետապնդումը քաղաքական է, և չտար համաձայնություն, որովհետև իմ կարծիքով՝ տեղի ունեցածն առավել քան բավարար էր»,- ասաց Մամիջանյանը:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ «Ընտրական օրենսգրքի» այդ հոդվածն առաջին անգամ էր կիրառվում, դրա պատճառով էլ մի շարք խնդիրներ է առաջացրել:
«ԿԸՀ-ն ոչ թե պետք է որակի հետապնդման բովանդակությունը, թե ինչպիսի՞ն է այն, այլ ստանալով համապատասխան միջնորդությունը, կարծում եմ, պետք է կարողանա գնահատել դա և այդ գնահատման արդյունքում կայացնի որոշում, և հակառակը՝ կարող է լինել օրենսդրական լուծում, որ ինքն ընդամենը դառնա մեխանիկական գործառույթ: Մի շարք հարցերի պատասխաններ օրենքում չկան, և ես այսօր կարող եմ փաստել, որ նույն կիրառությունը պայմանավորված է նաև մի շարք հարցերի ոչ ամբողջական, հստակ, մանրակրկիտ շարադրմամբ»,- ասաց Մուկուչյանը: