Նախկինում ասել էիք՝ ընտրությունն անվավեր ճանաչելը քաղաքական զենք է, փաստորեն հիմա գիտեք՝ ում ձեռքում է այդ զենքը. Աննա Մկրտչյանը՝ Տիգրան Մուկուչյանին

Այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ նախընտրական շրջանում «պրոֆիլակտիկ զրույցներ, այցեր, կանչեր» չեն եղել ՔՊ-ական կամ ՔՊ-ին հարող քաղաքական ուժերի հետ:

«Նախընտրական ողջ ժամանակամիջոցի ընթացքում և որքան մոտենում էր հունիսի 20-ը, այնքան մեծ ինտենսիվությամբ, այսպես կոչված, «պրոֆիլակտիկ զրույցներ», «պրոֆիլակտիկ այցեր, կանչեր» իրականացվում էին այն քաղաքական ուժերի, անհատների և իրենց շտաբների նկատմամբ, որոնք ամիսներ շարունակ պայքարել էին «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում, ընդհանուր առմամբ հանրության մոտ դիտվում էին՝ որպես այս իշխանություններին իրական ընդդիմություն, և երբ հարց էր առաջանում՝ դա բացատրությո՞ւն է, հարցաքննությո՞ւն է, ի՞նչ իրավական կատեգորիայի մեջ է տեղավորվում, ասում էին՝ չէ, չէ, ուղղակի պրոֆիլակտիկ զրուցում ենք, պրոֆիլակտիկ գալիս ենք, նայում ենք և այլն: Այս պրոֆիլակտիկան որևէ կերպ չի տարածվել ՔՊ միավորի կամ ՔՊ միավորին հարող ուժերի, վտանգ չներկայացնող ուժերի նկատմամբ: Ձեզ՝ որպես ԿԸՀ նախագահ, չի՞ անհանգստացրել այս հանգամանքը, որ եթե կա պրոֆիլակտիկա, ապա ինչո՞ւ համատարած չէ, այլ ընտրովի է: Ես իմ համեստ գիտելիքներով փորձեցի նայել որևէ իրավական ակտ, որտեղ կա ձևակերպում գոնե, թե ի՞նչ է այդ պրոֆիլակտիկ կանչը, չգտա:
Կխնդրեի մեկ հարակից հարցի էլ պատասխանել՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞ր ընտրություններն են կեղծվել, որովհետև դահլիճի տարբեր հատվածներում նստած մարդիկ կասկածներ ունեն դրա հետ կապված, որպեսզի մենք հասկանանք, վերջիվերջո, Դուք նախկի՞ն եք, ներկա՞ եք, թե՞ արդեն եկած ապագան եք»:

Տիգրան Մուկուչյանը, որն ԱԺ էր եկել ներկայացնելու ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը, հարցի երկրորդ հատվածին շատ կարճ պատասխանեց.

«Ես ԿԸՀ նախագահն եմ: Ինչ վերաբերում է տարբեր ժամանակներում տեղի ունեցած ընտրություններին, ապա ես առիթ ունեցել եմ բոլոր ընտրությունների վերաբերյալ իմ կարծիքը ներկայացնել, հիմնական մասը համապետական ընտրությունների հետ կապված հենց այս ամբիոնից: Դա շատ հստակ է եղել բոլոր ընտրությունների առումով, իհարկե, տարբեր ընտրությունների ժամանակ հնչում են ամենատարբեր քաղաքական գնահատականներ, իրավական գնահատման տեսանկյունից միշտ էլ ներկայացվել են արդյունքները, հաղորդումները կան, մեր կայքում հրապարակված են»,- ասաց Մուկուչյանը:

Անդրադառնալով «պրոֆիլակտիկ զրույցների» մասին հարցին՝ ԿԸՀ նախագահն ասաց, որ ընտրությունների ընթացքում երկու տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ իրենց հանձնաժողովին իրազեկել են, որ իրենց շտաբի ներկայացուցիչների հետ կապված խնդիրներ են առաջացել, իրենք էլ փորձել են օպերատիվ ընկալել խնդիրը, ունեցել են քննարկումներ, դրանից զատ՝ ահազանգեր չեն ստացել:
Աննա Մկրտչյանն ասաց, որ իր հարցը վերաբերում էր Տիգրան Մուկուչյանի վերաբերմունքին այն փաստին, որ «պրոֆիլակտիկան» կիրառվել է ընտրողաբար:

«Բայց կարող եք չպատասխանել, պարոն Մուկուչյան, որովհետև Ձեր արդեն իսկ պատասխանը խոսեց այն մասին, որ Դուք նախկինում այսպիսի մի միտք եք արտահայտել, որ արտահերթ ընտրությունները, ընդհանրապես ընտրություններն անվավեր ճանաչելու գործընթացը քաղաքական զենք է, և ես Ձեր պատասխանից ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ Դուք շատ լավ գիտեք, թե ո՞ւմ ձեռքում է այդ քաղաքական զենքը, և շարունակում եք պահպանել այդ քաղաքական զենքի պահման պայմանները»,- ասաց Մկրտչյանը:

Տեսանյութեր

Լրահոս