Հունաստանի դեսպանատանը «քցելու» նուրբ արվեստը, կամ Սասուն Խաչատրյանի հերթական զավեշտալի բացատրությունը

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլում ներկայացել էին երեք այն թեկնածուները, որոնք հաղթահարել էին փաստաթղթերի գնահատման փուլը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ի թիվս այլ հարցերի, պատասխանեց նաև իր ունեցվածքի՝ անշարժ ու շարժական գույքերի, դրամական միջոցների վերաբերյալ հարցերին:

Առհասարակ հարցազրույցի այս հատվածում այնքան հնչեց Տիգրան Գևորգյան անուն-ազգանունը, որը Սասուն Խաչատրյանի կնոջ եղբայրն է, որ տպավորություն էր ստեղծվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի ընտանիքն աներձագն է պահում:

Չենք ուզում մտնել ընտանեկան հարաբերությունների մատի ու մատանու արանքը, բայց ամեն դեպքում մի զավեշտալի դրվագ 168.am-ի ուշադրությունից դուրս չմնաց:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով, ի դեպ, ամենաակտիվն էր հարցեր տվողների մեջ, Սասուն Խաչատրյանին հարցրեց 2017 թվականին նրա կնոջ՝ նվիրատվություն ստանալու հանգամանքի մասին:

«Ձեր կնոջ բանկային հաշվին կանխիկ մուտք է եղել 2,8 միլիոն դրամի և 1600 դոլարի չափով, այնուհետև նույն չափով կանխիկ ելք է եղել, սակայն այդ տվյալներն առկա չեն տարեկան հայտարարագրում։ Այս ամենն ինչո՞վ կբացատրեք»,- հարցրեց Դանիել Իոաննիսյանը:

Սասուն Խաչատրյանի պատասխանը հետևյալն էր.

«2017 թվականին, մայիս ամսին ես Հայաստանի սահմաններից դուրս էի գտնվում, աղջիկս Հունաստանում գտնվող Շեֆիլդի համալսարանից հրավեր էր ստացել, ուր սովորում էին իր ընկերները, այցելել համալսարան, և դեսպանատուն գործերը ներկայացնելու համար պահանջվում էր, որպեսզի ծնողներից որևէ մեկի հաշվին որոշակի գումար լինի՝ որպես երաշխիք, որ երեխան այնտեղ ապահովված կլինի։ Քանի որ ես Հայաստանում չէի, կինս եղբորը՝ Տիգրան Գևորգյանին խնդրել էր, որպեսզի նա նույն օրը «Ամերիա» բանկում իր անունով բացված հաշվեհամարին փոխանցի նշված գումարը։ Փոխանցումը կա: Այդ գումարը փոխանցվել է Տիգրան Գևորգյանի կողմից կնոջս՝ Լիլիթ Խաչատրյանի հաշվեհամարին, տրվել է տեղեկանք, որը նույնպես բանկը տրամադրել է, որ Լիլիթ Խաչատրյանի հաշվին այս ժամի դրությամբ առկա է այսքան գումար, որից հետո ընդամենը 45 րոպե անց այդ գումարը կրկին հանվել է հաշվեհամարից, վերադարձվել է Տիգրան Գևորգյանին, և այս տեղեկանքը ներկայացվել է Հունաստանի դեսպանատանը։ Սա է ամբողջ պատմությունը, ընդամենը քեռին իր քրոջ երեխայի համար այդ երաշխիքը ստեղծել է, որ երեխան այդ հնարավորությունն ունենա՝ գնալ Հունաստանի համալսարան»,- նշեց Սասուն Խաչատրյանը։

Հարցն այն չէ, որ Սասուն Խաչատրյանի ընտանիքը միակ ընտանիքն է, ով նման բան է անում. ըստ էության խաբում են այս կամ այն դեսպանատանը. Թերևս, բոլորն են այդպես անում, սակայն երբ դրա մասին հայտարարում է բարձրաստիճան պաշտոնյան՝ ՀՔԾ պետը, իրավապահ մարմնի ներկայացուցիչը, ով հավակնություն ունի դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, դա իր տեսակի մեջ մեսիջ է, որ հասարակության համար նորմալ համարվի նման գործելակերպը:

Սասուն Խաչատրյանը, ի դեպ, նման զավեշտալի իրավիճակում առաջին անգամ չէ, որ հայտնվում է: Երբ այս իշխանության առաջին խոշորագույն սկանդալի՝ ՀՔԾ պետ-ԱԱԾ տնօրեն-Նիկոլ Փաշինյան հեռախոսային գաղտնալսման վերաբերյալ քրեական գործն էր քննվում, քննիչն այս գործի ֆիգուրանտներին հրավիրում է, որ մասնագետների ներկայությամբ զննեն վերջիններիս հեռախոսները, ապա ուղարկեն փորձաքննության, սա արդեն՝ դատարանի թույլտվությունը ստանալուց հետո:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայնում է, տալիս իր հեռախոսը, իսկ ահա Սասուն Խաչատրյանը հեռախոսը փորձաքննության ուղարկելուց խուսափելու համար տալիս է մի պատասխան, որը, թերևս, կտար իրավաբանությունից կիլոմետրեր հեռու շարքային անչափահաս իրավախախտը:

«Հեռախոսը չի գտնվում իմ տիրապետման տակ, այդ իսկ պատճառով էլ ես չեմ կարող այն զննության ներկայացնել: Հաշվի առնելով հրապարակված գաղտնալսումները և կարծելով, որ հնարավոր է, որ իմ հեռախոսի մեջ կարող է տեղադրված լինել գաղտնալսող սարք, երեկ երեկոյան ես քանդել եմ հեռախոսս, որի ժամանակ այն կոտրվեց, և այն նետել եմ աղբարկղը: Ես մասնագետ չեմ, չեմ կարող ասել՝ դրա մեջ կայի՞ն արդյոք օտար սարքեր, սակայն ապահովության համար որոշեցի այն այլևս վերանորոգման չհանձնել, և դեն նետեցի»,- ասել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս