«Ներկայիս վարչապետն ընդունում է, որ ժամանակին ճիշտ էին, իրեն պետք է դատեին». Ռուբեն Մելիքյանը՝ վիրավորանքի քրեականացման մասին
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով ծանր վիրավորանքի քրեականացման հարցին՝ ասաց, որ հնարավոր չէ որոշել, թե ո՞րն է սահմանը: Նրա խոսքով՝ սահմանը որոշելու են գործող իշխանությունները:
«Դատարանում ժամանակին ներկայիս վարչապետին դատում էին նրա համար, որ նա վիրավորել էր համալսարանի դասախոսներից մեկին, վատ ձևով վիրավորել էր: Իրեն դատում էին դրա համար, այն ժամանակ դա հանցագործություն էր, դուք չեք պատկերացնի, թե ինչ էր կատարվում՝ «վայ, էս ի՞նչ է, ո՞նց կարելի է, ես լրագրող եմ, ո՞նց կարելի է ինձ դատել», հիմա այդ նույն մարդն այն բանից հետո, երբ «սրիկա» նախկին իշխանություններն այդ «սրիկայությունն» արեցին, դա ապաքրեականացրին, նորից վերադառնում է և ասում է՝ չէ, ճիշտ են: Ինքը դրանով ընդունում է, որ էն ժամանակ իրեն պետք է դատեին: Բարոյականության ճգնաժամի խնդիր է»,- ասաց Մելիքյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ սա կարելի էր հասկանալ, եթե Նիկոլ Փաշինյանը նախկինում օգտագործած իր վիրավորանքների համար ներողություն խնդրեր, ասեր, որ ժամանակին ինքը սխալվել է, և, որ ճիշտ մոտեցումը սա է: Ռուբեն Մելիքյանը կոչ արեց բոլոր իրավասու մարմիններին՝ այս օրենքի մասով դիմել ՍԴ: Ինչ վերաբերում է պատգամավորների օգտագործած բառապաշարին, իրավապաշտպանն իր պարտքը համարեց հիշեցնել.
«Մի առանձին արտոնություն կա Ազգային ժողովի պատգամավորների համար, որ եթե իրենք որպես պատգամավոր ելույթ են ունենում, ազատվում են պատասխանատվությունից ելույթի համար, ինդեմնիտետ է կոչվում: Ճիշտ է, դրա մասին դեռ չեն խոսում, բայց վստահաբար, երբ կանգնեն ու անընդունելի բառապաշար օգտագործեն, մի օր ասելու են, որ մենք ունենք ինդեմնիտետ»:
Լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումներին՝ Մելիքյանն ասաց, որ դա կոնկրետ նպատակ ունի:
«Նպատակն անպատիժ ձևով՝ հանրության դատի տեսանկյունից, ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառելն է, որպեսզի դա որևէ տեսախցիկ չարձանագրի: Լրագրողների նկատմամբ այս խայտառակ, անհամաչափ սահմանափակումները չաշխատեցին, որովհետև այդ ծեծուջարդը, որ կազմակերպեցին ԱԺ դահլիճում, նկարահանեցին հենց Ազգային ժողովի պատգամավորները»,- ասաց Մելիքյանը: