«Քարվաճառի ուղղությամբ կրկին կրակի փոքր օջախներ են նկատվում»․ Կութի գյուղապետ
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում այս պահին հարաբերական հանգիստ է, համենայնդեպս՝ թշնամին 2 օր է՝ չի կրակում։ Գյուղացիներից Զմրուխտ Գևորգյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով։
«Որ կրակոց չի լինում՝ երեխեքը լավ են զգում իրենց, ուրախ են, բայց որ կրակոցներ են լինում, սաղս վախի մեջ ենք․․․ Ճիշտ է, այսօր առավոտ էլ կրակոց չի եղել, բայց երեխեքին վախենալով ենք դպրոց տանում։ Երեխեքին տանում ենք դպրոց, գալիս ենք տուն, ընկնում ենք մեր տան գործերով, թե այնտեղ ի՞նչ կկատարվի, երեխեքի հետ ի՞նչ կլինի․․․ Այսօր ցերեկը ժամը 1-ին գնացի, որ երեխեքին դպրոցից բերեմ, տեսա՝ ռուսներն եկել են, մի հատ ֆիրմա ավտո էր, մի հատ էլ՝ Ուրալ»,- պատմեց Կութի բնակիչը։
Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ռուսներն ամեն օր էլ գյուղ գնում են, բայց ոչ մշտական տեղակայման նպատակով։
«Ռուս սահմանապահները չեն տեղակայվել։ Գալիս են, բարձրանում դիրքեր, թե ի՞նչ են անում, մեզ ոչ մի բան չեն ասում, տեսնում ենք՝ ավտոներով բարձրացան, մեկ էլ իջան։ Ամեն օր գալիս են, մի քանի ժամով բարձրանում դիրքեր ու իջնում»,- ասաց Սիմա Չիտչյանը, ապա հավելեց, որ ռուս սահմանապահների մշտական տեղակայման մասին որևէ տեղեկատվության չի տիրապետում։
Կութի գյուղապետն անդրադառնալով նախորդ շաբաթ Կութի սարերում (արոտավայրեր, խոտհարքներ) բռնկված, ապա օրեր անց մարված հրդեհին, ասաց, որ Քարվաճառի ուղղությամբ կրկին կրակի փոքր օջախներ են նկատվում, բայց դա գյուղից բավականին հեռու է․
«Այսօր առավոտյան ընդհանրապես ոչ մի օջախ չկար, նրանից հետո մի փոքր քամի սկսվեց, փոքր օջախներ առաջացավ, բայց ծուխը դեպի Քարվաճառի կողմն է։ Մեր խոտհարքները, որ վառվել, բարձրացել են, հիմա այնտեղից շարունակվում է դեպի Քարվաճառի տարածք»։
Սիմա Չիտչյանին հարցրեցինք նաև՝ արդյոք հունիսի 5-ին ադրբեջանցիների կողմից գողացված 80 անասուններին վերադարձնելու կամ դրանց դիմաց գյուղացիներին փոխհատուցում տալու վերաբերյալ որևէ նորություն կա՞․
«Ոչ մի բան, ոչ մի բան էլ չկա։ Էլ ի՞նչ ասենք, ո՞ւմ դիմենք, Կառավարությունն էլ գիտի, ամեն տեղ էլ գիտեն․․․ Սպասում ենք․․․ Այդ անասունների տերերը սպասողական վիճակում են․․․»։