«Կորոնավիրուսով վարակված 20 և 28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է»․ Անահիտ Ավանեսյան
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է երկրում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը և հայտնել, որ երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել է դրական, գրանցվել է մահվան 19 դեպք։
«Ցավոք սրտի, այս «Դելտա» շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով, բացի դրանից, հիվանդության ընթացքն ավելի ծանր է, և պետք է ասեմ, որ նկատում ենք հիվանդության երիտասարդացում։ Նախորդ շաբաթվա ընթացքում ես հրապարակել էի, որ ունեինք 20 և 28 տարեկան երիտասարդներ, պետք է ցավով ասեմ, որ նրանցից մեկը մահացել է․․․ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ուստի սա մեզ ահազանգ է, որ բոլորս հասկանանք, պատկերացնենք, առաջիկայում մեր վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք, և ամեն մեկն իր հանրային պատասխանատվության մասը կրելով՝ նպաստի, որպեսզի մեր բնակչության առողջությունը և կյանքը մենք պաշտպանենք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նախարարն տեղեկացրեց նաև հիվանդանոցներում առկա վիճակի մասին, ըստ այդմ, ունենք մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված է։
«Ծանր վիճակում են գտնվում 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր վիճակում 126 քաղաքացի, արհեստական շնչառական ապարատներին միացված են 51 քաղաքացիներ»,- ասաց Ավանեսյանը, ապա հավելեց, որ այս պահին քաղաքացիների հոսպիտալացումը պատշաճ կերպով իրականացվում է, որևէ հերթ չկա, և, որ նոր մահճակալներ են ծավալում։
Առողջապահության նախարարն անդրադառնալով պատվաստումներին՝ ասաց, որ այս պահի դրությամբ իրականացվել է 293.955 պատվաստում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում