Կութի դպրոցը թշնամու նշանառության տակ է. «Ո՞նց կարող ենք անհանգիստ չլինել». գյուղապետարանի աշխատակից

Ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղի աշակերտներն էլ  ամառային ծանր արձակուրդներից հետո գնացին դպրոց։ Կութի բնակիչ Զմրուխտ Գևորգյանն այսօր դպրոց է ճանապարհել իր 3 երեխաներին: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս ուսումնական տարին տարբերվում է մյուսներից՝ գյուղում դպրոց գնալը վտանգավոր է, քանի որ այն անմիջապես թշնամու նշանառության տակ է հայտնվել․

«Գյուղում այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ուղղակի երեխեքի համար ենք շատ վախենում․ դպրոց են գնացել․․․ Դպրոցը գյուղապետարանի կողքին է, անմիջապես սարի տակ, ադրբեջանցիները նայում են, հսկում են դպրոցը․․․ Մենք՝ ծնողներս ենք տարել երեխեքին, հետո էլ կգնանք բերենք, ասել են՝ ծնողներով իրար հետ չգաք ու հավաքվեք դպրոցի մոտ, հերթով՝ դասարան-դասարան ծնողներին կկանչեն, կգնանք երեխեքին կբերենք, բայց էլի վախենում ենք»։

Կութի գյուղապետարանի աշխատակից Ատոմ Ղարիբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի դպրոցում 21 աշակերտ է սովորում, որոնցից մեկն է միայն առաջին դասարանցի․

«Ընդամենը 1 առաջին դասարանցի ունենք, տղա է։ Այնպես չի, որ դպրոց գնալը վտանգավոր չի, բայց սովորական է դարձել, գալիս-գնում են, երեխեքը ոնց որ չհասկանան, թե ինչ է կատարվում, իրենց համար սովորական ապրում են, բայց դե անհանգիստ ենք, ո՞նց կարող ենք անհանգիստ չլինել, որ դպրոցը թշնամու ուղիղ նշանառության տակ է»։

Երկու օր առաջ Կութի սարերում հրդեհ էր բռնկվել և մինչև երեկ սեփական ուժերով մարել չէր հաջողվում:  Այսօր գյուղապետարանի աշխատակիցն ասաց, որ երեկ ուշ երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության աշխատակիցներն այն ամբողջությամբ մարել են, սակայն այսօր կրակի մի քանի փոքր օջախներ են նկատվել, հիմա գյուղացիներն են փորձում հանգցնել․

«Երեկ կրակը հանգցնելու ժամանակ մի 3 հատ կրակոց լսեցինք, բայց, թե ի՞նչ ուղղությամբ էր, չեմ կարող հստակ ասել, համենայն դեպս մեր ուղղությամբ չէր․․․ Արոտավայրերը, խոտհարքները, անգամ հնձած խոտին էր կրակը հասել, վառել․ Եթե մտքներին լինի այս պահին կրակը հանգցնող գյուղացիներին թիրախավորել, ապա գյուղի մեջ էլ կարող են թիրախավորել․․․»։

Տեսանյութեր

Լրահոս