«Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է Արցախը 5 միլիարդ դոլարի դիմաց վաճառելու գործով, թե՞ ոչ». դատախազության պատասխանը

Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 11-ին, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր «Requiem-2»-ը, որը վերնագրված էր «Հերոսության, ստի ու դավաճանության 44 օրը»։

Մինասյանը հայտարարել էր՝ ԱՄԷ Դուբայ քաղաքում հինգ աստղանի հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչը Իլհամ Ալիևի կողմից Փաշինյանին փոխանցելու նպատակով գաղտնի նամակ էր ստացել Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի անձնավորությունից։

«Նամակի բովանդակությունը հետևյալն էր՝ մենք՝ Ադրբեջանի կառավարությունը, պատրաստ ենք տրամադրել Նիկոլ Փաշինյանին եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվելու Ադրբեջանի հետ, 5 միլիարդ ամերիկյան դոլար։ Հինգ միլիարդ դոլար 7 շրջանի համար՝ 5+2։ Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին, այդ առաջարկը եղել է գաղտնի, այդ առաջարկի մասին գիտեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա սուրհանդակը, այն անձնավորությունը, որը ստացել է այդ առաջարկը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, նաև արդեն մենք բոլորս։ Ես այդ մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ փորձում էի անկեղծ հասկանալ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը»,- նշել էր նա։ 

Միքայել Մինասյանն ասել էր՝ կարող է վստահորեն պնդել, որ տեսնելով ու վերաիմաստավորելով պատերազմի 44 օրն ու անցած օրերը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ընդունել են Ալիևի առաջարկն ու վաճառել են մեր հայրենիքը, դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, հայ ժողովրդին։

«Կոչ եմ անում, խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին, հաստատի կամ հերքի իմ ասածը։ Բայց հերքելուց առաջ հիշի, որ կան մարդիկ, որոնք գիտեն, որոնք ստացել են, որոնք փոխանցել են, և որոնք ունեն նաև նամակի պարունակությունը»,- նշել էր նա։

Նախկին դեսպանն ասել էր, որ չի պատմելու, թե ով և ոնց հանձնեց Շուշին, չի պատմելու, թե ոնց նոյեմբերի 4-ի գիշերը փախցրեցին բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետև նոյեմբերի 5-ին ժամը 18:00-ին Շուշին ընկավ։

«Ես չեմ պատմելու, թե ինչպես էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավելու Լելե Թեփեն, որպեսզի ցույց տային փիարով՝ իրենք այն զույգն են, որ բերում են այն, ինչ իրենց ասելով՝ Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Ես չեմ պատմելու, թե ոնց էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում. «Ուզում է 5 հազար մարդ մորթվի, ուզում է 6 հազար մարդ մորթվի, մեկ է՝ Լելե Թեփեն պետք է հետ բերվի։ Ես չեմ պատմում՝ հույս ունենալով, որ ականատեսները կպատմեն։ Մենք տեսնում ենք, որ այդ պրոցեսն արդեն գնում է, գեներալ Մովսես Հակոբյանն արդեն պատմում է»,- ասել էր նախկին դեսպանը։

4 օր անց Միքայել Մինասյանը մեկ այլ հրապարակում արեց, որում տվեց այն մարդու անունը, ով Նիկոլ Փաշինյանին փոխանցել էր նշված առաջարկով ծրարը:

«Անցավ երեք օր ամենակարևոր բանալիի բացահայտումից, երբ հայտարարեցի 5 մլրդ դոլարով Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլին արված առաջարկի մասին։ Երեք օր առաջ առաջարկեցի Նիկոլին այն հաստատել կամ հերքել։ Նիկոլը, ինչպես միշտ, լռեց, ինչպես սովորաբար անում են պաթոլոգիկ ստախոսներն ու դավաճանները։

Այսօր տեղեկացա, որ Դատախազությունն իմ հայտարարության առիթով սկսել է քննություն։ Հասկանում եմ, որ Նիկոլն է հանձնարարել։ Բայց ի՞նչ պետք է ուսումնասիրեք կամ ո՞ւմ։ Նիկոլի՞ն եք քննելու։ Ո՞վ։ Դո՞ւք։

Հասկանում եմ, որ սա Նիկոլի լռությունը փոխհատուցելու միասին որոշած քայլ է։ Եվ, իհարկե, ձևական։

Նիկոլն, անշուշտ, կանխատեսելի է, իսկ նրա լռությունը չի կարող փակել թեման։ Ավելին, չեմ թողնելու, որ թեման փակվի։ Ու հիմա շարունակում եմ։

Եվ այսպես, իմ հիշատակած առաջարկը արվել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին։

Քանի որ Նիկոլ Փաշինյանը անհույս է, իսկ Արթուր Վանեցյանը ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը, և կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, ապա խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղե՞լ է արդյոք հանդիպում Դուբայում, ստացե՞լ է արդյոք ծրար և արդյո՞ք այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին»,- գրել էր Միքայել Մինասյանը:

Միքայել Մինասյանի սենսացիոն հայտարարության առնչությամբ առ այն, որ Նիկոլ Փաշինյանը 5 միլիարդ դոլարի առաջարկ է ստացել Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման համար, գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հայտնի է, որ քրգործի շրջանակներում հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:

168.am-ը գրավոր հարցում էր հուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ցանկանալով տեղեկանալ՝ ո՞ր փուլում է քրեական գործի ընթացքը, ովքե՞ր են հարցաքննվել սույն գործով, հարցաքննվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանը:

««Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի տեսաձայնագրությունը պարունակող լազերային կրիչը 2020 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար»,- պատասխանել էին գլխավոր դատախազությունից:

Ապա հավելել են, որ 2020 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։

«2020 թվականի դեկտեմբերի 15-ին քրեական գործին կցելու և քննության առարկա դարձնելու ցուցումով վարույթն իրականացնող քննիչին է ուղարկվել «Դուբայում Ալիևի սուրհանդակը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչին ու փոխանցել գաղտնի նամակ՝ 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանի դիմաց առաջարկով, որին Փաշինյանը համաձայնել է. Միքայել Մինասյան» վերտառությամբ հրապարակումը։

Քրեական գործով արդեն իսկ ձեռնարկվել են, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ բոլոր՝ այդ թվում նաև Ձեր կողմից ուղարկված հարցման մեջ նշված հանգամանքները լիարժեք ստուգելու ուղղությամբ»,- գրված էր դատախազության կողմից մեզ ուղարկված պատասխանի մեջ:

Ինչ վերաբերում է հարցմամբ պահանջվող այն տեղեկությանը, թե ովքե՞ր են հարցաքննվել քրեական գործով, հարցաքննվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, ապա այս կապակցությամբ մեզ տեղեկացրել էին, որ նկատի ունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված կարգը և հաշվի առնելով հարուցված քրեական գործով արդյունավետ նախաքննություն իրականացնելու իրավաչափ և գերակա շահը՝ նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները նախաքննության սույն փուլում չեն կարող տրամադրվել։

«Միաժամանակ, հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, օրենսդրական վերը նշված նորմի հաշվառմամբ, քննության որոշակի փուլերում կհրապարակվեն թույլատրելի տեղեկություններ, իսկ քննության արդյունքներով կապահովվի լիարժեք հրապարակայնություն»,- եզրափակել էին դատախազությունից:

Իրավական տերմինաբանությանն ու բառաֆոնդին անտեղյակ մեր ընթերցողի համար փաստենք՝ մեր հարցերից և ոչ մեկը պատասխան չէր ստացել: Դատախազությունում բավականին հաջողված պրակտիկա է գրավոր հարցումներին պատասխանել բավականին երկարաշունչ, բայց որևէ ինֆորմացիա կոնկրետ հարցերի վերաբերյալ չպարունակող տեքստերով:

Իսկ թե ի՞նչ նախաքննական գաղտնիք կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի հարցաքննվելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ «այո» կամ «ոչ» տարբերակով, մնում է միայն ենթադրել:

Ի դեպ, դատախազությանը հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվում էր Հատուկ քննչական ծառայությունում, շոուն առավել դիտարժան դարձնելու նպատակով նա անգամ ՀՔԾ քննիչի աշխատասենյակից լուսանկար էր հրապարակել:

Հիմա, փաստորեն, դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարում ու հրաժարվում պատասխանել մեր պետության լինելիության համար կարևորագույն հարցի՝ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է 5 միլիարդ դոլարի գործով, թե՞ ոչ:

Իսկ մեզ թվում էր, թե դատախազությունում միայն ադրբեջանցիների մասին մեր հարցերին են հրաժարվում պատասխանել:

Եվս մի կարևոր հանգամանք. թեև դատախազությունն ասում է՝ քննության որոշակի փուլերում կհրապարակվեն թույլատրելի տեղեկություններ, իսկ քննության արդյունքներով կապահովվի լիարժեք հրապարակայնություն, սակայն քրեական գործը հարուցելուց 7 ամիս անց նշված գործով որևէ տեղեկատվություն չի տրամադրվել:

Տեսանյութեր

Լրահոս