«Միջին և ցածր արդյունավետության պատվաստանյութերով պատվաստված մարդիկ կարող են վարակվել և փոխանցել վարակը». բժիշկ-համաճարակաբան

Մայիսի 2-ին Հայաստանը Չինաստանից նվեր է ստացել կորոնավիրուսի դեմ «CoronaVac» պատվաստանյութ: Այժմ Հայաստանում կա 3 տեսակի պատվաստանյութ, որոնցից միայն ռուսական «Sputnik V» պատվաստանյութի արդյունավետությունն է 90 %-ից բարձր: 168.amբժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանից հարցրեց, թե արդյունավետության ի՞նչ աստիճան ունի չինական «CoronaVac» պատվաստանյութը:

«Պաշտոնական տարբեր  հետազոտությունների արդյունքներ կան: Իրենց պաշտոնական աղբյուրներում գրված է, որ համաձայն տարբեր կլինիկական հետազոտությունների՝ արդյունավետությունը տատանվում է 50%-ից մինչև 91 %: Բրազիլիան վերջերս հայտարարել է, որ արդյունավետությունը մի փոքր ավելի է 50 %-ից, և երևի դա ճիշտ է: Որոշ ժամանակ առաջ Չինաստանն էլ էր հայտարարել, որ իրենց պատվաստանյութերը 50-60 % արդյունավետություն ունեն, դրա համար քննարկում էին տարբեր արտադրության պատվաստանյութերը խառնելու հնարավորությունը:

Այս պատվաստանյութը 50-60 %-ով է պաշտպանում վարակվելուց, եթե մարդը կոնտակտ է ունենում վարակակրի հետ: Նորից, ըստ իրենց պաշտոնական հրապարակումների՝  պատվաստանյութը 100 %-ով պաշտպանում է մահվան դեպքերից և շատ ծանր ընթացքից, բայց կլինիկական ընթացքից պաշտպանում է 50-60 %-ով, այսինքն՝ 40-50 % մարդիկ ամեն դեպքում վարակվելու են և կարող են վարակել ուրիշներին: Պետք է հստակ պատկերացնել  և պատվաստվողներին հստակ դրա մասին ասել, որ վարքագծային փոփոխություն չպետք է լինի, զգուշությունը պետք է լինի: Գաղափարներ են տարածվում, որ «պատվաստվելով՝ Դուք պաշտպանում եք Ձեզ ու Ձեր շրջապատը», եթե դու պատվաստվում ես, դու դրանով քո ընտանիքի անդամին չես պաշտպանում, միայն քեզ ես պաշտպանում, այնպես չէ, որ դա վատ է, բայց այնպես էլ չէ, որ լիարժեք, ամբողջովին պաշտպանում է, հարցն այն է՝ արդյոք դա մեզ բավարարո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե մենք ունենք հնարավորություն առավել արդյունավետ պատվաստումներից օգտվելու, պետք է ընտրություն անենք դեպի ավելի արդյունավետը, եթե ընդհանրապես ոչինչ չունենք, ճարահատյալ պետք է օգտագործենք ցածր արդյունավետության պատվաստանյութը»,- ասաց Հովհաննիսյանը:

Բժիշկ-համաճարակաբանի խոսքով՝ դեռ անհայտ է, թե ի՞նչ փոփոխությունների կարող է ենթարկվել վիրուսը, եթե ցածր կամ միջին արդյունավետություն ունեցող պատվաստանյութով պատվաստված մարդը, որի օրգանիզմում արդեն կան պատվաստումից առաջացած հակամարմիններ, վարակվի կորոնավիրուսով:

«Պատվաստումների քարոզարշավում խոսում են միայն նրա մասին, որ պատվաստանյութը 100 %-ով պաշտպանում է մահվան դեպքերից, և վերջ: Կա այսպիսի գաղափար, որ պատվաստվողների մոտ վարքագիծը փոխվում է, առաջանում է կեղծ պաշտպանվածության զգացում: Այդ մարդիկ, ովքեր պատվաստվել են միջին և ցածր արդյունավետության պատվաստանյութերով, իրենք կարող են վարակվել, և իրենց մոտ կարող է զարգանալ հիվանդություն՝ թեթև ընթացքով, իրենց մեծ վտանգ չի սպառնալու, բայց եթե իրենց մոտ զարգանում է հիվանդություն, այսինքն՝ իրենք դառնում են վիրուս արտադրող, իրենք կարող են վարակել այլ մարդկանց:

Իսկ թե ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում մարդու օրգանիզմում այդ վիրուսի, օրգանիզմի և պատվաստանյութից առաջացած հակամարմինների փոխազդեցությունից, վիրուսը ո՞նց կարող է ձևափոխվել և փոխանցվել ուրիշին, դա արդեն անհայտ է: Կարող է լինել, որ, եթե մեծ քանակությամբ մարդիկ ամբողջ պոպուլյացիայում օգտագործում են ցածր արդյունավետության պատվաստանյութ, դա կարող է բերել որոշակի մուտացիաների, իսկ այդ մուտացիաներից վիրուսը կուժեղանա՞, թե՞ կթուլանա, դա արդեն այլ հարց է, բայց կարող է փոփոխվել: Եթե հնարավորություն կա ավելի արդյունավետն օգտագործել, ապա պետք է օգտագործել առավել արդյունավետը՝ անկախ նրանից, թե դա ումի՞ց ես ստացել, գնե՞լ ես, թե՞ նվեր ես ստացել, բոլորին շնորհակալություն, որ նվեր են տալիս, բայց մենք մեզ համար ի՞նչ ենք որոշում, մեզ ի՞նչ է պետք»,- ասաց Հովհաննիսյանը:

Առողջապահության նախարարությունը ստեղծել է նաև պատվաստումային շրջիկ խմբեր: Օրինակ՝ Հյուսիսային պողոտայում կա կանգնած Շտապ օգնության մեքենա, որի մեջ պատվաստում են մարդկանց: Իսկ որքանո՞վ են պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները, կարո՞ղ են այդտեղ առաջին օգնություն ցույց տալ պատվաստվողին:

«Ինձ մոտ էլ են այդ հարցերը ծագում: Արդյոք այնտեղ պահպանվո՞ւմ են սանիտարահիգիենիկ պայմանները, պատվաստանյութերի կողմնակի ազդեցություններում կան նաև ալերգիկ ռեակցիաներ, ընդհուպ՝ մինչև անաֆիլակտիկ շոկ, ի՞նչ մեխանիզմներ են նախատեսված, որ այդ մարդկանց շտապ օգնություն տրամադրեն»,- մի շարք հարցեր հնչեցնելով՝ շեշտեց  Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս