«Կարմիր Շուկան հայկական է, այնտեղ բազմամիլիոնանոց ծրագրեր են կատարվում»․ Արցախի նախագահի խոսնակ

«Իմ տեղեկություններով՝ ադրբեջանցիները պահանջում են, որ Կարմիր Շուկայում չեզոք գոտի լինի, և հայկական զորքերը դուրս բերվեն այդ տարածքից, այդ թվում՝ բնակչությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը Կարմիր Շուկայի հատվածում շարունակաբար սադրանքների է դիմում, խնդիրներ են ստեղծում, որպեսզի հայ բնակչությունը հասկանա, որ այնտեղ ապրելն անհնար է։

«Որպես լրացուցիչ երաշխավորություն՝ առաջարկվում է խաղաղապահների գործունեությունն այդ ուղղությամբ։ Դա Արցախի քաղաքական շրջանակներից ստացված տեղեկությունն է, որ ադրբեջանցիները  հետևողական են իրենց պահանջներում,  և դրան դեմ չէ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մամուլում էլ բազմաթիվ տեղեկություններ կան, որ այդ ծրագրին դեմ են հանդես գալիս Արցախի պաշտպանության բանակը և զինվորականությունը, Հայաստանի Գլխավոր շտաբը, դեմ են հայկական կողմի արտգործնախարարությունները, բայց կողմ են  Նիկոլը, Արայիկը և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետը հիշեցրեց օրեր առաջ ադրբեջանական մամուլի հրապարակումները, թե իբր հայկական կողմը Կարմիր Շուկայի հատվածում սադրանքների է դիմում, կրակոցներ կան, և այլն, և, որ այդ ամենն արվում է մեկ նպատակով՝ թեման ակտիվացնելու․

«Իրենց պետք է այդ ճանապարհը Կարմիր Շուկայով դեպի Շոշ, հետո՝ Շուշի, քանի որ ճանապարհ չունեն»։

168.am-ը պարզաբանում ստանալու համար դիմեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, նա հերքեց քաղաքագետի փոխանցած տեղեկությունը։

«Կարմիր Շուկան հայկական է, այնտեղ բազմամիլիոնանոց ծրագրեր են կատարվում, ինչի՞ մասին է  խոսքը»։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 7-ին այցելել էր Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղ, տեղի բնակիչների հետ քննարկել օրախնդիր հարցերը։

«Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,- ասել էր Հարությունյանը։

Իսկ ահա մարտի 13-ին Politik.am-ը գրեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել էին ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջել էին Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին: Ճանապարհի հանձնումից կարճ ժամանակ անց Կարմիր Շուկան կհայաթափվի և տեղում կբնակեցվեն ադրբեջանցիներ:

Տեսանյութեր

Լրահոս