«Մեր երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնում է բացարձակ անգրագետ անձնավորություն, նա այդպես էլ չհասկացավ, որ ոչ ոք հանքաքար չի արտահանում»․ Վահե Հակոբյան
Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հայաստանը պղնձի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է աշխարհում, և որ պղնձի պաշարները «սխալ են օգտագորխվում»։
«Շատերը ասում են, որ պղինձը 2-րդ նավթն է 21-րդ դարի, և ակնհայտ է, որ պղնձի գները 21-րդ դարում լինելու են չափազանց բարձր, որովհետև էլեկտրոմոբիլների մեջ ամենակարևոր կոմպոնենտներից մեկը, որ օգտագործվում է շարժիչների մեջ, պղինձն է, բայց մենք նույնիսկ այդ հարստությունը, ինչպես ջուրը, այդպես էլ պղինձը մենք չենք կարողանում ամբողջությամբ օգտագործել, որովհետև մենք այսօր հանքաքար ենք արտահանում հիմնականում, բայց մենք պետք է խնդիր դնենք, որպեսզի Հայաստանում սահմանափակենք, արդյունքում միջնաժամկետ հեռանկարով ընդհանրապես արգելենք հանքաքարի արտահանումը և Հայաստանից հնարավոր լինի ատահանել միայն պղնձի պատրաստի արտադրանք»։
168․am-ը Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանից մեկնաբանություն խնդրեց Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունների վերաբերյալ։ Վահե Հակոբյանը Փաշինյանի ասածները անգրագիտություն որակեց․ «Քանի որ մեր երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնում է բացարձակ անգրագետ անձնավորություն, նա այդպես էլ չհասկացավ, որ ոչ ոք հանքաքար չի արտահանում, արտահանվում է խտանյութ, երբ պղնձի մասին է խոսքը, իսկ մոլիբդենը արտահանվում է ֆեռոմոլիբդենի տեսքով։ Ինքը երևի տեղյակ չէ, որ հանքարդյունաբերությունը հարկվում է առանձին հարկատեսակով, որը կոչվում է ռոյալթի, այսինքն՝ դա հարկվում է շահույթից ևս մեկ անգամ։ Կարծում եմ՝ ինքը շատ թույլ ըմբռնում ունի և՛ տնտեսության, և՛ առհասարակ հանքարդյունաբերության վերաբերյալ»։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է ակնարկում Փաշինյանը, հնարավո՞ր է՝ ուզում են պետականացնել, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
«Դա իրենց երազանքներից կարող է լինել, բայց որևէ գործառույթ չկա, որ կարողանան պետականացնել կամ ազգայնացնել դա։ Ես կարծում եմ՝ իր միտումը լրիվ այլ է, որ քանի որ Սյունիքը ըմբոստ է, իրեն մերժած առաջին մարզն է, ինքը այդ քայլերով փորձում է վախեցնել, առանց լոգիկայի քայլեր անել, որպեսզի փլուզի այդ իրավիճակը»,-ի պատասխան՝ ասաց Վահե Հակոբյանը։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ որևէ քայլ չի՞ կարող անել, սա պարզապես հերթական հայտարարություն է, նա պատասխանեց․ «Եթե չի ուզում կոնֆլիկտ՝ նույն գերմանացիների հետ, թող փորձի ինչ-որ բան անել։ Դա էր մնում մեր երկրին պակաս»։
Դիտարկմանը՝ դե, տեսանք, որ գործող իշխանությունների համար դա խնդիր չէ՝ նույն «Սանիտեկի» դեպքում, օրինակ, նա այսպես արձագանքեց․ «Համոզված եմ՝ ինքը այնքան իրեն հաշվետվություն չի տալիս, որ է՛լ ինչ հետևանքներ կարող են լինել, և կարող է ցանկացած քայլի գնալ, բայց ի սեր Աստծո, այս ապաշնորհից ինչ ենք սպասում, բացարձակ ոչ մի բան»։
Վահե Հակոբյանից խնդրեցինք իր կարծիքն ասել նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է շտկել։
«Այսօր նույն Նիկոլի հայտարարությունը, որ ճանապարհները և այլն պետք է թուրքերի հետ բացվի, մենք պետք է իրենց մի ճանապարհ տանք, իրենք էլ՝ մեզ, այս գիծը համահունչ նրանք տանում են, և այստեղ ես արդեն կասկած չունեմ, որ սա դավաճանական ուղի է։ Սրանք բոլորը ազգի դավաճան են, այս կույտը, որ եկել է, այս Նիկոլի հետի ածանցյալները, ազգի դավաճաններ են և իրենք պետք է կանգնեն դատարանի առջև»,-եզրափակեց Վահե Հակոբյանը։