Գաղափարը՝ 5, բովանդակությունը՝ ?. փորձագետները՝ Հ1-ի «Լուրեր» ծրագրի ադրբեջանական տարբերակի մասին
Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի կայքն այսուհետ նաև ադրբեջաներեն բաժին ունի։ Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում է նախաձեռնության նպատակը, հնարավոր դրական ու բացասական հետևանքները:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի հասկանում, թե ինչո՞ւ է նման բացասական քննարկում սկսվել:
«Չեմ հասկանում բացասական իմաստով աղմուկի պատճառը: Իմ կարծիքով, եթե դա գնալու է Ադրբեջանի ներքին լսարանի վրա, ապա վատ ծրագիր չէ: Իրենք էլ ունեն հայալեզու հաղորդումներ, իհարկե, իրենք փորձում են հայերենով հայկական լսարանին հասցնել ադրբեջանական քարոզչական թեզերը, մեր կողմն էլ պետք է կարողանա դա անել: Ընդհանուր գաղափարը նորմալ է: Թե ինչո՞ւ հիմա, ես չգիտեմ, բայց որքանով գիտեմ՝ այս գործընթացը նոր չի սկսվել, երևի ուղղակի հիմա ավարտվել է»,- ասաց Քոչարյանը:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը ևս որևէ խնդիր չի տեսնում մեր տեղեկատվությունն ադրբեջաներենով ադրբեջանական լսարանին հասցնելու մեջ, սակայն, նրա կարծիքով՝ խնդիր է Հ1-ի լրատվականի բովանդակությունը:
«Լավ են արել, դա նորմալ է, դա ճիշտ է, վաղուց պետք է արած լինեին, որովհետև մեր լուրերը, մեր տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հակառակորդին՝ իրեն հասկանալի լեզվով, ուրիշ հարց, որ մեր Հանրայինն ինքն իրենով ո՛չ հայամետ է, ո՛չ պետականամետ է, ո՛չ էլ իրենից եսիմինչ հետաքրքիր բան է ներկայացնում, որ ադրբեջանցիներին ինչ-որ բան սովորեցնի, մի ադրբեջանական լրատվական էլ դա է: Բայց հենց ինքը՝ փաստը, որ ադրբեջաներեն լեզվով հայկական մամուլը, հայկական տեղեկատվությունը պետք է տպագրվի և հասանելի լինի հակառակորդին, իհարկե, շատ լավ նախաձեռնություն է, ճիշտ է քարոզչական տեսանկյունից»,- ասաց Ադիբեկյանը:
Կայքի ադրբեջաներեն հատվածի «Proqramlar» բաժնում տեղադրված են հայերեն հաղորդումներ՝ առանց ադրբեջաներեն թարգմանության: Փորձագետների կարծիքով՝ հավանաբար դեռ չեն հասցրել թարգմանել:
«Դա երևի ընթացքում պետք է շտկվի, եթե աշխատում են ադրբեջանական լսարանի վրա, ապա ամեն ինչ պետք է լինի ադրբեջաներեն, նաև հաշվի առնելով Ադրբեջանի յուրահատկությունները, եթե այդպես է, ինչպես դուք եք ասում, ապա դա կնշանակի, որ ուղղակի կա՛մ նորմալ գաղափարի վատնում է գնում, կա՛մ գումարները, որոնք ծախսվել են ադրբեջանալեզու բաղադրիչը բացելուն, ուղղակի մսխվել են և չեն արվել: Դա պետք է շտկվի, եթե ոչ, ապա ավելի լավ է չլինի, քան լինի այսպիսի անորակ վիճակով»,- ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Նոր են բացել, դեռ չեն հասցրել թարգմանել, տիտրերը կդնեն, հայկական հաղորդումներն ադրբեջաներեն տիտրերով կգնան, խնդիր չեմ տեսնում: Ես խնդիր կտեսնեմ, եթե հանկարծ ստացվի, որ Ադրբեջանի Haberler-ի, կամ այլ կայքերի նյութերը թարգմանեն, բերեն հայկական դաշտ, ինձ դա ավելի շատ է մտահոգում, անհանգստացնում, քան, երբ մեր ծրագրերը հեռարձակվում են Ադրբեջանի վրա: Այս իշխանությունները գնալու են, իսկ ռեսուրսները մնալու են, մենք այս ռեսուրսը կօգտագործենք արդեն իրոք հայանպաստ և պետականանպաստ նպատակներով»,- ասաց Արմինե Ադիբեկյանը:
Հանրության շրջանում կասկած է առաջացրել այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն, բարեկամություն և առևտուր անելու մասին թեզեր քարոզող ՀՀ գործող իշխանությունն այս հարթակը կարող է ծառայեցնել ոչ թե հայանպաստ թեզեր տարածելուն, այլ «բարեկամության» քարոզին:
«Պետք է հետևել հաղորդումներին, որ հասկանանք: Այդ վտանգը կա, որ քիրվայության ժամանակաշրջանում պետք է սկսենք ապրել, և ադրբեջանցիներն ու հայերը պետք է բարեկամություն անեն, ընկերություն անեն, այդ վտանգը կա, դրա համար, հաշվի առնելով, որ Հ1-ը դարձել է «Ազատություն» ռադիոկայանի տեսաֆիլիալը, էդ վտանգն իրոք հնարավոր է, բայց ընդհանուր՝ որպես գաղափար, գաղափարը վատը չէ, իրագործումը, պետք է հասկանանք՝ ինչպիսին է և պարունակությունն ինչպիսին է, եթե դա, իրոք, չի աշխատելու նրա համար, որ ադրբեջանական հասարակությանը հասցնեն հայկական թեզերը, դա կնշանակի, որ պետք է փակվի դա»,- ասաց Տիգրան Քոչարյանը:
Արմինե Ադիբեկյանը խորը կապ չի տեսնում Հ1-ի լրատվականի ադրբեջանալեզու տարբերակի և Ադրբեջանի հետ առևտուր ու բարեկամություն անելու՝ իշխանության թեզերի միջև:
«Առևտուրը կարելի է նաև առանց ադրբեջանալեզու կայքերի անել, կամ հատուկ առևտրին նվիրված կայքեր ստեղծել, այստեղ ուղիղ կապ չկա, բայց ես մի անգամ ասել եմ, ով քարոզում է Ադրբեջանի հետ բարեկամության մասին, հավաքում է իր ցեղն ու գերդաստանը և բնակվում է Շուռնուխում, դա միակ գրավականն է, որ մեզ՝ ՀՀ բնակիչներիս, որոնք վստահություն չեն հայտնում ո՛չ էս իշխանություններին, ո՛չ, առավել ևս, Ադրբեջանի իշխանություններին, և էլ ավելի, առավել ևս, որևիցե կոնստրուկտիվ և ստեղծարար սկզբունքների, համոզեն, որ դա հնարավոր է, որ 3, 4, 5, 6, 7 տարեկան երեխաները ադրբեջանական զենքի տակ վազվզեն, երջանիկ մանկություն ունենան, իրենց ծողներն էլ ամեն օր գնան աշխատանքի և ինչ-որ բան ստեղծեն»,- ասաց Ադիբեկյանը:
Հ1-ի լրատվական կայքում այլևս չկա ֆրանսերեն լեզուն: Տիգրան Քոչարյանին զարմացրել է այս հանգամանքը:
«Հայաստանը ֆրանկոֆոն երկիր է, և առնվազն ֆրանսերենն էլ պետք է լիներ, ֆրանսախոս լսարան Հ1-ը հաստատ ունի»,- ասաց Քոչարյանը:
Մեր հարցին, թե այս պարագայում ո՞րն է ֆրանսերեն լեզուն հանելու պատճառը, Քոչարյանը պատասխանեց.
«Իմ կարծիքով՝ մեդիաղեկավարության տրամաբանությունը և բանականությունը նույնիսկ ամենագերհզոր համակարգիչը չի կարողանա վերլուծել, քանի որ այստեղ մարդիկ աշխատում են անգրագիտության և պատահականության սկզբունքով: Որևէ բան կանխատեսել անհնար է, ես Ձեր հարցին տրամաբանական իմաստով չեմ կարող պատասխանել»: