«Իմ վարչապետը խղճացել, 2 կոպեկ ուղարկել է, իրավունք չունի՞….»․ Փաշինյանի ֆոնդից 50.000 դրամ ստացած Գավառի բնակիչ
Մարտի 9-ին Նիկոլ Փաշինյանի Գավառ կատարած այցի վերաբերյալ Yerkir.am-ն այսօր որոշ տեղեկություններ հրապարակեց, մասնավորապես, Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներից մեկի՝ Գավառի Սարուխան գյուղի բնակիչ Ռեփսիկ Սարդարյանի ստացած անդորրագիրը, որից երևում է, որ հանդիպմանը մասնակցելու նպատակով վարչապետի ֆոնդից Սարդարյանին է փոխանցվել 50.000 դրամ: Նշված գումարը փոխանցվել է բանկի միջոցով, անդորրագրի «նպատակ» դաշտի դիմաց նշված է․ «Տրանզիտ OLDTRANS 1 Դրամական աջակցություն վարչապետի ֆոնդից Ռեփսիկ Սարդարյանին»: Քաղաքացին այն կանխիկացրել է բանկի՝ Գավառի («Կամո») մասնաճյուղում՝ Փաշինյանի հետ հանդիպումից երեք օր անց:
168.am-ը պարզաբանում ստանալու համար փորձեց կապ հաստատել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
168.am-ը կապ հաստատեց վարչապետի ֆոնդից 50.000 դրամ ստացած Գավառի բնակիչ Ռեփսիկ Սարդարյանի հետ: Հարցը լսելուց հետո տիկին Ռեփսիկն անմիջապես արձագանքեց․
«Ինքը մեղավոր չէ, խեղճ վարչապետը մեղավոր չէ, վարչապետը եկել էր՝ այստեղ դպրոցի բացում են արել Հացառատում։ Ես վարչապետին շատ եմ հարգում, ապրի ինքը, համ էլ մեր քյավառցիքը բոլորը իրեն շատ են հարգում և տեղ են տալիս, վարչապետին մեկը չկպնի»։
Հետո տիկին Ռեփսիկն ասաց՝ ինքը Գավառ քաղաքից է, բայց եղբորը խնամելու համար ժամանակավորապես տեղափոխվել է Սարուխան համայնք։ Հետո մանրամասն պատմեց, թե ինչու է գնացել Հացառատ, հետո Գավառ՝ Փաշինյանի հետ հանդիպելու համար: Զրույցի ընթացքում տիկին Ռեփսիկն ասաց, որ Փաշինյանին ուզում էր պատմել, որ եղբոր հարևանը մահափորձ է կատարել եղբոր դեմ, եղբայրը ծանր վիճակում է գտնվում, սակայն ոստիկանությունն ամեն ձևով փորձում է կոծկել այդ հանցանքը, դատական բժիշկ էլ չեն հրավիրում․
«Ուզում էի մոտենալ վարչապետին, բայց միլիցեքը բռնին 2 թևս, չէին թողնում, որ մոտենամ իրեն։ Ես գնացել եմ, որ վարչապետին ասեմ՝ մահափորձ են կատարել, իմ հարցը լուծիր, ես դրա համար եմ գնացել։ Ասել եմ՝ ախպերս շա՜տ վատ է, վայեննի թոշակառու, անկողնային հիվանդ, այդ մարդը խղճացել, 2 կոպեկ փող է գրել։ Հիմա իմ անձնական հարցերով այդ մարդը զբաղվում է, խղճացել է․․․ Ես շնորհակալ եմ իրենից։ Իմ վարչապետը ապրի, ապրի, որ խղճացել, 2 կոպեկ ուղարկել է, հիմա իրավունք չունի՞ 2 կոպեկ ուղարկի, օգնի, չանի՞․․․»։
Դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում, որ այդ 50.000 դրամը ձեզ փոխանցել են՝ Փաշինյանի հանդիպմանը ներկա գտնվելու համար, Ռեփսիկ Սարդարյանն ասաց․
«Չէ, այդտեղ մարդ էլ չկար, 10 հատ մարդ լիներ հազիվ․․․ Ոչ ժողովուրդ են եղել, ոչ բան եղած, էն մարդը ոչ ելույթ է ունեցել, ոչ ցույց է արել․․․ Դպրոցի բացում է եղել, եկել շնորհավորել՝ գնացել է, մեկ էլ մտել է մարզպետարան ու գնացել է․․․ Ես այնտեղ մի ժամ կանգնել եմ, մինչև վարչապետը դուրս է եկել»։
Ռեփսիկ Սարդարյանը նաև հայտնեց, որ ավելի ուշ իրեն զանգահարել և տեղեկացրել են, որ Նիկոլ Փաշինյանն իրեն օգնություն է փոխանցել, և, որ անձնագրով մոտենա բանկ։
Քաղաքացին նաև պատմեց, որ նույն հարցով դիմել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, սակայն կոշտ պատասխան է ստացել․
«Մարզպետն ասաց՝ թող, ռադ եղի գնա, ասաց՝ գնա, մեկ էլ այստեղ չերևաս, էլ մարզպետարան չգաս։ Պահակին ասաց՝ չթողե՛ս էլ մտնի այստեղ, դու մեկ էլ այստեղ չերևա՛ս, այստեղ չգա՛ս․․․ Երեկ էլ եղբորս բերել էի հիվանդանոց, փողոցում մարզպետին տեսա, ճանաչեցի, դիմակն էլ՝ երեսը, ասացի՝ պարոն մարզպետ, շատ շնորհակալ եմ քեզանից, ասաց՝ փողոցում մի խոսա, ասացի՝ ինչի՞ չեմ խոսա, իմ ախպերը մեռնում է, ասում է՝ ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, թողեց գնաց․․․»։
Մեր հարցին, թե՝ ճի՞շտ է, որ Փաշինյանի այցի ժամանակ ինքը գոչել է՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ, Նիկո՛լ, վարչապետ», տիկին Ռեփսիկը հաստատեց.
«Այ տենց ասել եմ, այ տենց գոռացել եմ, բա ի՞նչ անեի, չէին թողնում մոտենայի վարչապետին, հավատո՞ւմ եք․․․․»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Yerkir.am-ի տնօրինության տակ էր հայտնվել Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներից մեկի՝ Գավառի բնակիչ Ռեփսիկ Սարդարյանի անդորրագիրը, ըստ որի՝ հենց Փաշինյանի՝ Գավառ այցի ժամանակ Ռեփսիկ Սարդարյանին վարչապետի ֆոնդից փոխանցվել է 50.000 դրամ: Նշված գումարը փոխանցվել է բանկի միջոցով, անդորրագրի «նպատակ» դաշտի դիմաց նշված է․ «Տրանզիտ OLDTRANS 1Դրամական աջակցություն վարչապետի ֆոնդից Ռեփսիկ Սարդարյանին»: Քաղաքացու կողմից այն կանխիկացվել է բանկի՝ Գավառի («Կամո») մասնաճյուղից՝ Փաշինյանի հետ հանդիպումից 3 օր անց: