Դատախազությունն Օնիկ Գասպարյանի դիմումն ուղարկել է ՀՔԾ
Մարտի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատեց, որ ստացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը հանցագործության մասին: Ավելի վաղ՝ մարտի 22-ին, կառավարության կայքը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Ըստ էության սա ևս մեկ փակուղի էր, քանի որ օրեր առաջ Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, նախ վարույթ էր ընդունել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցը իրավահարաբերությունների բացակայության վերաբերյալ, ապա բավարարել պաշտպանական կողմի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, որի բավարարման դեպքում Օնիկ Գասպարյանը վերադառնում էր իր պարտականությունների կատարմանը, մինչև վերջնական վճռի հրապարակումը։
Դատարանը բավարարել էր հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, և Օնիկ Գասպարյանը հաջորդ օրն իսկ առավոտյան վերադարձել էր աշխատանքի։
168.am-ը գլխավոր շտաբի պետի պաշտպան Արթուր Հովհաննիսյանին հարցրել էր, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը, ինչին ի պատասխան՝ վերջինս ասել էր, որ անհապաղ հաղորդում են տալու հանցագործության մասին, զուգահեռ կճանաչեն Արտակ Դավթյանի` ԳՇ պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը ու կմիջնորդեն հայցի ապահովման 2-րդ միջոցը կիրառել հենց այդ մասով:
Այսօր Գլխավոր դատախազությունն Օնիկ Գասպարյանի հաղորդումը հանցագործության մասին ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ ըստ ենթակայության:
Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: