«Ժամանակն է կազմակերպել ժողովրդական տրիբունալ, շարադրել իշխանության հանցագործությունները և դրանց հետևանքները». Լարիսա Ալավերդյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով այն փաստին, որ չնայած դատարանի որոշման առկայությանը, համաձայն որի՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակեր պաշտոնավարել, Նիկոլ Փաշինյանը նշանակում և ներկայացնում է նոր ԳՇ պետ, ասաց, որ տեղի է ունենում ինքնիրավչություն:

«Դա Սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ հանցագործություններ են: Հոդվածները հո չե՞ն նկարագրում կոնկրետ քայլերը, բնութագրում են հանցագործության նշանները: Այստեղ ես նորություն չեմ տեսնում, նորությունը բոլորովին այլ է: Առաջին անգամ նորանկախ Հայաստանում մենք ունեցանք իրավիճակ, երբ չնայած Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «իրավունքի ուժով», բայց անօրինության ուժով բերում-նշանակում է ԳՇ պետ, և այստեղ է իմ վրդովմունքը: Ցանկացած ոք, այդ թվում՝ Արտակ Դավթյանը, գիտեն, որ դա անօրինություն է, և երբ որ բոլոր դեպքերում հայկական բանակի գեներալն ընդունում է մի որոշում, որն ամբողջովին քայքայում է պետականության հիմքերը, իմ վրդովմունքն այստեղ է, ես ոչ թե Նիկոլ Փաշինյանի քայլերից եմ զարմանում, այլ վրդովվում եմ, որ անօրինության դաշտում հայտնվում են բավականին հայտնի մարդիկ, մանավանդ բանակի գեներալ է: Սա պետության դեմ է հանցագործություն: Պետք է հիշեցնեմ Նյուրնբերգյան սկզբունքը՝ անօրինական հրամանը իրականացնողը, կատարողը նույնչափ գործում է հանցագործություն»,- ասաց Ալավերդյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ քանի որ սա Նիկոլ Փաշինյանի առաջին հակասահմանադրական, հակաօրինական քայլը չէ, ինքը մի շարք իրավաբանների և քաղաքական գործիչների առաջարկել է կազմակերպել ժողովրդական տրիբունալ:

«4-5 ամիս առաջ մի շարք կարկառուն իրավաբանների առաջարկել եմ, որ ճիշտ ժամանակն է կազմակերպել ժողովրդական տրիբունալ, կամ ազգային տրիբունալ, ոչ թե պետական, այլ ազգային քաղաքացիական տրիբունալ: Մինչև հիմա մոլորվածներ կամ իրենց մոլորված ներկայացնողներ կան, այդպիսի տրիբունալը պետք է պարզապես շարադրի, տպի, տարածի  բոլոր հանցագործությունները, և դրանց հետևանքները, օրինակ՝ այն, ինչ տեղի է ունեցել պատերազմում, այդ ագրեսիայի, ցեղասպանական ագրեսիայի ժամանակ, և այն, որ մինչ այսօր այդ բնութագիրը տրված չէ Հայաստանում պաշտոնական մակարդակով՝ ոչ ԱԺ-ն, ոչ Կառավարությունը: Ոչ միայն զուտ այդ ագրեսիայի ժամանակ քայլերը կարելի է վերլուծել, արդեն այնքան նյութեր կան, փաստեր: Մենք պետք է ունենանք այդ հայկական տրիբունալը, որտեղ կբացահայտվեն հանցագործությունները, և դրա հետևանքով՝ զոհերի, անհետ կորածների և գերիների թիվը»,- ասաց Ալավերդյանը:

Նա պնդեց, որ տրիբունալը նաև պետք է կանխի այն ամենը, ինչ մեզ դեռ հայտնի չէ:

«Մեզ այդպես էլ մինչև այսօր հայտնի չեն ամբողջական այն ծրագրերը, որոնք արդեն իսկ պայմանավորված են ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյան Նիկոլի և Ադրբեջանի առաջին դեմքի միջև»,- ասաց նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հանցակիցների շրջանակն ընդլայնվում է, նրա կատարած գործողությունների կրողն են նաև Կառավարության բոլոր անդամները, ԱԺ իշխող ուժի ներկայացուցիչները, նրանց գումարվել են նաև զինվորականներ:  Լարիսա Ալավերդյանը նաև բարձրացրեց բոլորին հուզող հարցը՝ ինչո՞ւ են գաղտնի պահում գերիների թիվը:

«ՄԻԵԴ-ի հետ աշխատող իրավաբանական թիմի անդամ Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ Ադրբեջանում 200-ից պակաս գերի չկա, կարող է ավելի լինի: Անհայտ կորածների և գերիների միասնական թիվն իշխանություններին քաջ հայտնի է: Գնացածների թիվը հայտնի է, վերադարձածների թիվը հայտնի է, անհայտ կորածների և գերիների թվի գումարը հայտնի է պետությանը, այստեղ կարելի է մտածել՝ անհայտ համարվողները գերության մե՞ջ են, թե՞ ոչ, բայց այդ գումարումը, այդ թիվը քաջ հայտնի է իշխանություններին: Այնքան են հեղինակազրկված, ենթարկված, նվաստացած այս իշխանությունները, որ իրենց խոսք չի հասնում, որ ասեն՝ տվեք մեր գերիներին»,- ասաց Ալավերդյանը:

Իրավապաշտպանը գերիների և անհետ կորածների հարազատներին վստահեցրեց, որ ոչ թե ընդդիմության հանրահավաքները կամ այլ իրողություններ են խանգարում իրենց հարազատների վերադարձին, այլ հենց իշխանության անկարողությունը:

«Այս իշխանությունները չունեն այն հեղինակությունը, որ գերիներին հետ բերեն»,- ասաց  Լարիսա Ալավերդյանը:

Տեսանյութեր

Լրահոս