«ՀՀ-ն այսօր չունի ԳՇ պետ, քանի որ Արտակ Դավթյանն ամենամեծ մեղավորն է մեր խայտառակ պարտության». Վոլոդյա Հովհաննիսյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ նպատակը բանակը ոչնչացնելն էր, ինչը և արեց:

«Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց հայոց բանակի ոգին, կառավարման համակարգը, պաշտպանական ռեսուրսներն ամբողջությամբ և հաղթանակի ոգին: Հասցրեց այնպիսի մի վիճակի, որ բանակը, որը պետք է պատրաստվեր պատերազմի, բանակը չպատրաստեց պատերազմի, ստրատեգիական, ռազմական, մարտավարական պլանավորում իրականացրեց այնպես, որ ջախջախիչ պարտություն կրեց այն պատերազմում, որը տեղի ունեցավ 44 օր»,- ասաց Հովհաննիսյանը:

Պահեստազորի սպայի կարծիքով՝ իրենց կյանքը բանակին նվիրած սպաները պետք է  փնտրեին ու գտնեին այս պարտության մեղավորներին և պատժեին նրանց, սակայն դա չեն արել:

«Պատերազմի օրերին ոչ մի գեներալ, բացի Մովսես Հակոբյանից, չի ընդվզել, ձայն չի բարձրացրել»,- ասաց Հովհաննիսյանը:

Փետրվարին ԶՈւ ԳՇ  տարածած հայտարարությունը, որով զինվորականները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականը, հույս էր ներշնչել Վոլոդյա Հովհաննիսյանին, բայց տեղի ունեցավ այն, որ ԳՇ-ն արդեն նոր պետ ունի՝ Արտակ Դավթյանը, իսկ Նիկոլ Փաշինյանին այնտեղ դիմավորում են հոտընկայս:

«Այդ նույն գեներալները մինչև վերջ չպաշտպանեցին իրենց իսկ խոսքը, իրենց ստորագրությունը, ես հասկացա, որ ՀՀ-ն ԶՈւ Գլխավոր շտաբ չունի և չունի գեներալիտետ: Այսօր ամբողջ ՀՀ զինված ուժերում երկու-երեք գեներալ ու կորպուսի հրամանատար կա, որոնք հաստատուն են մնացել իրենց կարծիքին և լուռ, տքնաջան իրենց գործն են կատարում: ՀՀ-ն այսօր չունի ԳՇ պետ, քանի որ Արտակ Դավթյանն ամենամեծ մեղավորն է մեր խայտառակ պարտության: Այն գեներալը, որը հայտարարում է, թե եթե պարտվել ենք, ապա ադրբեջանական դրոշը պետք է ծածանվեր Ստեփանակերտում, բայց չի ծածանվում:  Այսինքն՝ սա պրիմիտիվ, ապազգային և հիմար  դատողություն է, մենք կորցրել ենք 12.5 հազար քառակուսի կմ ստրատեգիական ամբողջության, 2.8 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա ենք կորցրել,  և գեներալը, որը երկու տարվա մեջ եղել է գլխավոր շտաբի պետ, նման հիմար հայտարարություն է անում, և նրան նորից նշանակում են ԳՇ պետ: Երկու հանցագործ դաշինք են կնքել՝ ազգը մինչև վերջ կործանելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Պահեստազորի սպան պնդեց, որ Սյունիքն այսօր դիմադրության վերջին օջախն է մնացել, որի շուրջ պետք է համախմբվել, ապա պատմեց, որ վերջերս նորից է եղել մարզում ու նաև  մարտական դիրքերում:

«Ես եղել եմ Սյունիքի մարտական դիրքերից շատերում, վերջերս գնացել էի Սիսիան, եղել եմ մարտական դիրքերից շատերում, այնտեղ ՀՀ զինված ուժերի ներկայությունը ամբողջ սահմանի ընթացքում չկա, իսպառ բացակայում է: Գյուղի տղաները, կամ Երևանից, այլ վայրերից ազատամարտիկների «փշրանքներն» անկազմակերպ, յուրաքանչյուրն անձնական մակարդակով գնացել են այնտեղ, ամեն մեկը մի զենք, մի ավտոմատ են վերցրել, նապաստակ խփելու, կանգնում են, որ թուրքը տեսնի, որ այստեղ հայ տղաներ կան, որ չառաջանա, իսկ թուրքերն իրենց պահում են լկտի և ցինիկ»,- ասաց Հովհաննիսյանը:

Պահեստազոսրի սպան անդրադարձավ նաև Հայաստանում անցյալ տարվա սեպտեմբերի 27-ից մինչև երեկ  գործող ռազմական դրությանը, ինչն ըստ նրա՝  պահպանվում էր ոչ այն պատճառով, որ մեր սահմաններին վտանգ էր սպառնում.

«Ռազմական դրությունը հականիկոլական շարժումը սանձելու համար էր, և դա խնդիրը կատարեց, այդ խնդիրը կատարելուց հետո ռազմական դրությունը հանվեց,  Նիկոլը ռազմական դրության անվան տակ մոբիլիզացրեց ոստիկանական ուժերը, մարդկանց համոզեց, որ ռազմական դրություն է, քանի որ մենք խնդիրներ ունենք»:

Վոլոդյա Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ՍՈւ 30-ների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք հակասում են մեկը մյուսին:

«Նիկոլ Փաշինյանը մեկ հայտարարության մեջ մի քանի սուտ է ասել: Նա ասում է՝ մենք ՍՈւ-երը ներկրել ենք 2020-ի մայիսի, բայց 2019-ի դեկտեմբերի են ներկրվել, իբր թե մարտական մարտական թռիչքներ էին կատարել, Նիկոլ Փաշինյանն էր գրել, որ Սու-երը մարտական թռիչքներ կատարեցին և խոցեցին բոլոր թիրախները: Ամանորի իր ուղերձում նա ասաց, որ մենք ունենք կործանիչ ավիացիա, որը մարտական հերթապահության է դրվել, լավ, ո՞նց է մարտական հերթապահության դրվել՝ առանց հրթիռների»,- ասաց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս