ՀԺՄ-ն ազատ մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավի խնդրով դիմել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին
Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն՝ մինչև 6 միլիոն դրամ։
Այս փոփոխություններն ուղղակիորեն ուղղված են խոսքի ազատության և մամուլի դեմ ու տեղավորվում են զանգվածային լրատվության միջոցների, խոսքի ազատության հանդեպ գործող իշխանությունների քաղաքականության տրամաբանության շրջանակներում։ Վիրավորանքի ու զրպարտության համար նման՝ հայկական իրականության չափանիշերով աստղաբաշխական ծավալի տուգանքների սահմանմամբ ուղիղ հարված է հասցվելու առանց այդ էլ մեծ դժվարությամբ գոյատևող լրատվամիջոցներին՝ շատերին ընդհուպ կանգնեցնելով փակման սպառնալիքի առաջ։
Խստագույնս դատապարտելով իշխանության կողմից խոսքի ազատության դեմ ուղղված խայտառակ այս օրենքը, Հայաստանի ժուռնալիստների միությունն արձանագրում է, որ տեսականորեն օրենքը կարող է ուժի մեջ չմտնել, եթե Հանրապետության նախագահը չստորագրի այն և ուղարկի Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Հաշվի առնելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ վերջին շրջանի գործունեությունը և իշխանության ներկայացրած ցանկացած նախագիծ ստորագրելու պատրաստակամությունը, այդ հնարավորությունը թվում է չափազանց անիրատեսական։
Հայաստանի ժուռնալիստների միությունն արդեն իսկ ընդունված օրենքի առնչությամբ դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ քննարկելու համար առկա իրավական գործիքակազմով ու ընթացակարգերով օրենքի սահմանադրականության վիճարկման հնարավորությունները։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրվել նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ-ում մարտի 16-ին կատարած այն հայտարարությանը, որով վերջինս ասում էր՝ «Երեկ ազգային անվտանգության ծառայության տնօրենին խնդրել եմ, որպեսզի անմիջապես քրեական գործեր հարուցվեն, եթե այդ ամենը ճիշտ է, ապա անկախ նրանից՝ իշխանության մե՞ջ է, թե՞ ոչ… նաև ինձ առնչվող բաներ են եղել։ Վերջերս նաև ցանկ էր հրապարակվել, թե «Իմ քայլի» պատգամավորներն աստղաբաշխական տներ են առել, այսինքն՝ գնում է վարկաբեկման տոտալ գործընթաց, որը բավականին լավ վճարվում է, սա արդեն վերածվել է ազգային անվտանգության խնդրի»:
Առավել տարօրինակ էր ԱԱԾ տնօրենի տեղակալի արձագանքը: Այսինքն՝ ԱԺ պատգամավորը ԱԱԾ-ին կոչ է անում կոշտ միջոցներ ձեռք առնել ԶԼՄ-ների նկատմամբ, իսկ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան, փոխանակ այդ հայտարարությունն անթույլատրելի համարի, երկրորդում է նրան: Պաշտպանին ՀԺՄ-ն խնդրել է իր ուշադրության ներքո պահել նաև այս հարցը: