«ՍՈւ-30-ների վերաբերյալ իմ հայտարարությունների մեջ որևէ հակասություն չկա». Նիկոլ Փաշինյան

«Այն, ինչ ասել եմ Օհանավան գյուղում, և այն, ինչ նախկինում հայտարարել եմ, այդ հայտարարությունները մեկը մյուսին չեն հակասում»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իմքայլական ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին, որը վերաբերում էր  ՍՈւ-30-ների մասին՝  ինչպես նախկինում, այնպես էլ՝  բոլորովին վերջերս արած իր հայտարարություններին, երբ մի դեպքում ասել էր՝ «Մեր ՍՈւ 30-ները մարտական խոցումով առաջին վարժական թռիչքներն են իրականացրել», իսկ ահա վերջերս Արագածոտնի մարզ այցելության ժամանակ ՍՈւ-30-ների մասին ասել էր՝ «Այո, մենք ինքնաթիռն առել ենք, բայց հիթիռները չենք հասցրել ձեռք բերել մինչև պատերազմը»։

«Երկու հայտարարությունների միջև որևէ հակասություն չկա։ ՍՈւ-30 ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին, և այո՛, իրականացրել են վարժական թռիչքներ և օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում եղել են։ Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այնմ, թե եղած սպառազինությունն ինչքանո՞վ է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները․․․ Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային ՍՈՒ-30 ՍՄ գերժամանակակից զենք կիրառել՝ իր նշանակությամբ և իր հզորությամբ»,- ասաց Փաշինյանը։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին լիովին բավարարեց Նիկոլ Փաշինյանի պատասխանը, ինչ մասին  հայտարարելուց հետո չօգտվեց արձագանքելու իր իրավունքից:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս