«Ծանրագույն բեռ է՝ այլոց ստերի համար պատասխան տալ». Անի Սամսոնյանը՝ Տիգրան Ավինյանին

«Ստեղծվել է մի իրավիճակ, որ ձեր կողմից արվող ցանկացած հայտարարությունների մեջ մենք ստիպված ենք փնտրել հակասություններ, և դրա մեղավորն իրականում դուք եք»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Անի Սամսոնյանը, հիշեցնելով Փաշինյանի՝ ՍՈւ-30-ների մասին հակասական հայտարարությունները։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանն իր հայտարարություններով, մեկնաբանություններով, սուտը ստի վրա դնելով, սուտը ստով հերքելով՝ այնպիսի մի իրավիճակ է  ստեղծել, որ հանրությունը չի հասկանում, թե որն է ճիշտ, որը՝ սխալ․

«Ժողովուրդն իսկապես կարիք ունի հասկանալու, այն, ինչ դուք այս պահին ասում եք՝ դա ճի՞շտ է, թե՞ սուտ է»։

Պատգամավորը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է իշխանությունը դադարելու ստել, մանիպուլյացնել և հասարակության համար ստեղծել մի իրավիճակ, որ մարդիկ խճճվեն այդ ստի մեջ։

Պատգամավորի հարցին, Փաշինյանի փոխարեն, պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով, որ Փաշինյանն այսօր իր ելույթում արդեն անդրադարձել է ՍՈւ-30-ների վերաբերյալ հարցին, և, որ դրան ավելացնելու բան չկա։

Անի Սամսոնյանն էլ հակադարձեց, ասելով՝ ակնհայտ է, որ իշխանությունը թաքցրել և խաբել է մարդկանց, որ նոր ձեռք բերված ՍՈՒ-30 համակարգերը չեն ունեցել հրթիռներ, և դա մենք պարզել ենք միայն պատերազմից հետո, եթե ոչ՝ պատերազմի ընթացքում։

«Պարոն Ավինյան, ես ձեզ հասկանում եմ՝ ծանրագույն բեռ է՝ այլոց ստերի համար երբեմն պատասխան տալ, ինչը դուք հիմա փորձում եք անել։ Սա թաքցնելով՝ ի՞նչ էիք դուք կարծում, լուսանկարներ տարածելով, ՍՈւ-30-ները գովազդելով՝ մարդիկ պետք է ոգևորվեին  ձեր ձեռքբերումներով, ասեին՝ շնորհակալությո՞ւն, երբ պատերազմի ժամանակ պարզվեց, որ մարդիկ կարող էին գնալ Ջաբրայիլի դժոխքում կոտորվել, բայց իշխանությունը չի կարողացել կատարել իր պարտավորությունը և ձեռք բերել նոր հրթիռներ․․․ Պարոն Ավինյան, ես ձեզ ուզում եմ բարեկամաբար խորհուրդ տալ, նորից եմ կրկնում՝ սուտը դա տնաքանդություն է, այսօր ձեր իշխանությունը ստեղծված է ստի վրա, խնդրում եմ, դադար տվեք, կա՛նգ առեք, ժողովուրդը մեղք է․․․»,- ասաց Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս