«Մենք ունենք մի գենշտաբի պետ և ունենք գեներալներ, որոնք նախկինում գենշտաբի պետ են եղել». Վաղարշակ Հարությունյան
«Դուք շատ լավ գիտեք՝ պատերազմից հետո ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում փոխվել է , այսօր գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է, և դե ֆակտո մենք գործ ունենք թուրքական բանակի հետ»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հարցին, թե ի՞նչ ռեֆորմներ են պատրաստվում է բանակում իրականացնել։
«Բնական է, որպեսզի մենք կանխենք այդ սպառնալիքը, մենք պետք է համապատասխանեցնենք մեր բանակի ստրուկտուրան, հայ-ռուսական հարաբերությունները՝ այդ ստեղծված սպառնալիքին։ Այդ ռեֆորմներն ուղղված են դրան»,- ասաց պաշտպանության նախարարը, ապա հավելեց, որ վերանայում ենք նաև սպայի դերը, սպայական ծառայության գրավչությունը և այլ գործոններ։
Պատգամավորի դիտարկմանը, որ այսօր ունենք Գլխավոր շտաբի պետ, որը նշանակված է, և ունենք Գլխավոր շտաբի պետ, որի գործերը դատարանում քննարկվում է, Վաղարշակ Հարությունյան կարճ արձագանքեց․
«Մենք ունենք մի գենշտաբի պետ և ունենք գեներալներ, որոնք նախկինում գենշտաբի պետ են եղել»։
Ի դեպ, այն պահին, երբ պատգամավորն ավարտեց հարցը և հատկապես ԳՇ պետի մասին դիտարկումը, ԱԺ նիստերի դահլիճում ներկա Նիկոլ Փաշինյանը շրջվեց դեպի երկրորդ շարքում նստած Պաշտպանության նախարարը, աջ ձեռքի ցուցամատով հավանաբար հուշեց Վաղարշակ Հարությունյանին, որ պատգամավորի դիտարկմանը պատասխանի՝ այսօր ունենք 1 Գլխավոր շտաբի պետ։