Քրեական ենթամշակույթ կրո՞ղ, թե՞ դրան հարող է Գևորգ Բաղդասարյանը
Այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստի ընթացքում, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանի՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդության՝ հետևյալ արտահայտությունն արեց. «Հատուկ ի գիտություն Արամ Վարդևանյանի եմ ասում՝ Գևորգ Բաղդասարյանը չի օգտագործվում, օգտագործում է»:
Այդ հատվածում Գևորգ Բաղդասարյանը պատասխանում էր Արամ Վարդևանյանի այն դիտարկմանը, թե քանի որ հրապարակվել է Ծաղկաձորում արված հայտնի լուսանկարը, որում գլխավոր դատախազի տեղակալ, այս գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ու Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ռեստորաններից մեկում երկար ինչ-որ բան են քննարկում, ուրեմն ինքը չի կարող կաշկանդված չլինել այս գործով:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Yerkr.am-ը գրել էր, որ Գևորգ Բաղդասարյանին նկատել են Ծաղկաձորի ռեստորաններից մեկում, որտեղ նա բավականին երկար զրուցելիս է եղել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։
«Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ են քննարկում, կիրակի օրով ԱԺ մշտական հանձնաժողովի իմքայլական նախագահ Վլադիմիր Վարդանյանը և գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, որը հանդիսանում է որպես գլխավոր մեղադրող Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Իսկ միգուցե քննարկվում է նեքաղաքական ճգնաժամից ելքեր գտնելու հա՞րցը․ մասնավորապես, արդեն քանի օր է՝ տեղեկություններ են պտտվում, որ Փաշինյանը ցանկանում է քրեական գործ հարուցել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ»,- գրել էր կայքը:
Գևորգ Բաղդասարյանն այսօր իր խոսքում կրկին ասաց, որ ինքը տևական ժամանակ տարբեր տեղերում մասնակցում է քրեական և Քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի քննարկմանը, և այդ լուսանկարն արված է հենց այդ քննարկումներից մեկից:
Նման պարզաբանմամբ նաև դատախազությունն էր հանդես եկել:
Հանուն ճշմարտության պետք է նշենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ իսկապես լուսանկարն արված է այդ քննարկումից, և նման քննարկումներ տարբեր ձևաչափերով պարբերաբար տեղի են ունենում:
Բայց երբ գլխավոր դատախազի տեղակալն ասում է՝ «Գևորգ Բաղդասարյանը չի օգտագործվում, օգտագործում է», հարց է առաջանում. Իսկ հնարավո՞ր է, որ նա մոռացել է, որ ապրում ու աշխատում է մի իշխանության օրոք, որը մեծ խանդավառությամբ, մեծ ձեռքբերում համարելով՝ ընդունեց Քրեական ենթամշակույթի դեմ օրենքը:
Հիմա թող ընթերցողն իր համար որոշի՝ այս արտահայտությունը հրապարակային անող անձը, դատախազը, բարձրաստիճան պաշտոնյան քրեական ենթամշակույթ կրո՞ղ է, թե՞ այդ մշակույթին հարող: