«Ինչո՞ւ ՍՈւ 30-ները չկիրառվեցին մեր առկա սպառազինությամբ». Մովսես Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն ասաց, որ նախորդ ասուլիսին իր արած բացահայտումների առիթով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցված, որի շրջանակում հարցաքննվել են ինքը, մի շարք զինվորականներ, պաշտոնյաներ:

«Կոնկրետ երկրի ղեկավարը, չգիտեմ, հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, բայց պարտադիր պետք է հարցաքննվի, չգիտեմ՝ ո՞ր փուլում»,- ասաց Հակոբյանը:

Գեներալ-գնդապետը նշեց, որ դեռ քրեական գործ չկա այն պնդումների առնչությամբ, թե իր հայտարարություններում առկա էին ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: Հակոբյանի պնդմամբ՝ այն ամենը, ինչ ինքը հրապարակել է, այդ պահի դրությամբ այլևս ռազմական գաղտնիք չի եղել:
Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզում հնչեցրած այն մեղադրանքին, թե «26 տարվա պետությունը կործանիչ ավիացիա չի ունեցել», իսկ իրենց մեղադրում են ինքնաթիռն առանց հրթիռի գնելու մեջ:

«Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչո՞ւ չուներ կործանիչ ավիացիա»,- ասել էր Փաշինյանը:

Գեներալ-գնդապետն այսպես պատասխանեց Փաշինյանի հնչեցրած հարցին.

«Թվում է, որ դա մի երեխայական արտահայտություն է, այսինքն՝ նշանակում է, որ տանը մի անգամ պետք է երեխայի համար հեծանիվ առնեն, հաջորդ անգամ՝ ակերը, կարկասը, կամ մեքենան առել ես, կանգնեցրել, բենզինը թողել, որ ապագայում ինչ-որ մեկը պետք է առնի: Անհեթեթություն է: Ավելին ասեմ, քանի որ ՍՈւ-30-ներին այստեղ անդրադարձել ենք, ՍՈւ-30-ները կարող են կրել նաև այնպիսի հրթիռներ, որոնք  առկա են մեր սպառազինությունում, հարց 2-րդ, ինչո՞ւ այդ ՍՈւ-30-ները չկիրառվեցին մեր առկա սպառազինությամբ: Սպառազինության մի քանի տեսակը չկար, բայց մնացածը, որոնք մեր բանակի ավիացիան կիրառում է, ինչո՞ւ դա չկիրառվեց: Այս հարցի պատասխանը պետք է տա: Մեր ՍՈւ 30-ը 3 պարամետրերից, որոնք պետք է ունենա, որպես բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգ, իմ ունեցած տեղեկություններով՝ դրանցից մեկը չունի, որն էլ, կարող է, պատճառ է հանդիսացել, որ ինքնաթիռի անձնակազմը չի թռել: Հղում եմ կատարում Դատախազությանը, որ ստուգեն ու բացահայտեն»,- ասաց Հակոբյանը:

Գեներալ-գնդապետը նշեց, որ Ռուսաստանի կառավարությունը ՍՈւ 30-ի համար նախատեսված միայն մի տեսակի հրթիռի վաճառք չի թույլատրում, մնացածը կամ մենք ունենք, կամ կարող էինք ձեռք բերել: Հակոբյանի պնդմամբ՝ մեր բանակի ավիացիան ավելի շատ գումար է ծախսում միայն վառելիքի վրա, քան ամբողջ բանակը՝ միասին վերցրած, անձնակազմի աշխատավարձն էլ գերազանցում է մյուս զինծառայողների աշխատավարձերին:

«Մեր բանակի բյուջեից այդքան թանկ վճարել ենք ավիացիայի համար, ինչո՞ւ չկիրառվեց, և ո՞ւր է մեր անձնակազմը, եթե առաջին թռիչքը կատարում է պահեստազորը, Ստեփանակերտի օդանավակայանի պետը՝ գալով մեկ-երկու օր վերապատրաստվում է, և առաջին թռիչքն է կատարում, ընդ որում, շատ հաջող, և մի քանի այդպիսի թռիչք է կատարում: Ինչո՞ւ մեր ինքնաթիռները կործանվեցին: Այս հարցերի պատասխանները պետք է տրվի, որովհետև այդպիսի ավիացիա ունենալ և կողքը նկարվել, դրանով ժողովրդին փորձել խաբել չի կարելի»,- ասաց Հակոբյանը:

ԳՇ նախկին պետը պատմեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր ավիացիան Սիսիանից այն կողմ չի անցել, անգամ իրեն, երբ վիրավոր է եղել, մինչև Սիսիան մեքենայով են բերել, ապա ուղղաթիռով տեղափոխել Երևան: Վերադառնալով 44-օրյա պատերազմին՝ Հակոբյանը պնդեց, որ ավիացիան նպատակային չի կիրառվել:

«Ավիացիան մի քանի տեղ կիրառել են, բացառությամբ մեկ դեպքի, երբ իմ նշած անձը հաջող թռիչք է կատարել, մնացած բոլոր թռիչքները, իմ ունեցած տեղեկություններով, ոչ նպատակային են եղել ու անհաջող: ՍՈւ 30-ներն ընդհանրապես չեն կիրառվել»,- ասաց Հակոբյանը:

ԳՇ նախկին պետը նորից պնդեց իր այն հայտարարությունը, որ «Իսկանդեր»-ը կիրառվել է պատերազմի ժամանակ, իսկ թե որքա՞ն վնաս է հասցրել, կարող է ասել միայն թշնամին:

Տեսանյութեր

Լրահոս