«Պատերազմի թեժ օրերին ՊԵԿ-ում պարգևատրվել են 6.8 միլիարդ դրամ, Ֆիննախում՝ 73 միլիոն, վարչապետի աշխատակազմում՝ 441 միլիոն դրամ». Աննա Կոստանյանը հակադարձում է Սիսակ Գաբրիելյանին
Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ԱԺ ամբիոնից անդրադարձել էր պատգամավորներին տրվող պարգևավճարների քննադատություններին, ապա հայտարարել, թե ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն որքան պարգևավճար են ստացել, և, որ իրենք դրա մասին երբեք չեն բարձրաձայնել։
«Օրինակ՝ 45 միլիոն դրամ ստացել է պարգևավճար պարոն Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, մի անգամ տեսե՞լ եք, որ այդ մարդիկ դրա համար խոսեն, ընդհակառակը՝ դեմ են խոսել։ Մի 20 միլիոն և ավելի էլ պարոն Մարուքյանն է ստացել և իր խմբակցությունը, բայց որևէ մեկս չենք ասել․․․»,- հայտարարել է Սիսակ Գաբրիելյանը՝ չնշելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ստացած պարգևավճարների չափը։
Իշխանական պատգամավորի այս հայտարարությանն արձագանքեցին թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, թե «Լուսավոր Հայաստան»-ից։
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը հիշեցրեց, որ շուրջ 1 տարի է՝ ԲՀԿ-ն հրաժարվել է պարգևավճարներից և այն ուղղել են նախ՝ համավարակի դեմ պայքարի համար բացված հիմնադրամին, ապա՝ պատերազմը սկսվելուց հետո, արդեն համապատասխան հիմնադրամին․
«Ես հասկանում եմ, որ գտնվում եք նախընտրական փուլում և պետք է ինչ-որ հայտարարություններ անեք, որոնք այս կամ այն ձև մանիպուլյատիվ են։ Չգիտես ինչու, պարոն Գաբրիելյանը չհնչեցրեց, որ 1 տարի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց պարգևավճարները, անցած տարի գարնանից, փոխանցում էին պանդեմիայի ֆոնդին, պարզ է, որ պատերազմը սկսվեց՝ այդ ֆոնդին։ Ասեմ ավելին՝ հոկտեմբեր ամսին ամբողջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ամբողջ աշխատավարձը փոխանցեց հիմնադրամին»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից էլ իշխանական պատգամավորի՝ պարգևավճարների մասին արված հայտարարությանն անդրադարձավ պատգամավոր Աննա Կոստանյանը՝ ասելով, որ Սիսակ Գաբրիելյանը պատահական չհնչեցրեց այդ թվերը։ Պատգամավորն էլ իր հերթին ներկայացրեց, 2020 թվականին՝ այդ թվում նաև պատերազմի օրերին, վարչապետի աշխատակազմին, Պետական եկամուտի կոմիտեին տրված պարգևավճարները․
«2020 թվականին Պետական եկամուտների կոմիտեն 6.8 միլիարդ պարգևավճար է ստացել կամ 14.2 միլիոն ԱՄՆ դոլար, սա 2020 թվականի՝ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերին պարգևատրվել են մոտավորապես 496 միլիոն դրամով, նույն թվականի նոյեմբերին՝ 474 միլիոն դրամով, և 2020 թվականի դեկտեմբերին՝ մոտ 1.3 միլիարդ դրամով։ Սա իշխանության կողմից իր աշխատակիցներին ըստ երևույթին հատկացված պարգևատրումային ֆոնդն է։ Վարչապետի աշխատակազմը 2020 թվականի ընթացքում 441 միլիոն դրամ պարգևավճար է հատկացրել իր աշխատողներին, իհարկե, այստեղ չի մանրամասնել, թե ըստ ամիսների՝ որքան է բաշխվել։ Ֆինանսների նախարարը, ում ի պահ է տրված պետության գանձարանը, պատերազմի ամենաթեժ օրերին ևս զերծ չի մնացել ինքն իրեն պարգևատրելուց մոտ 73 միլիոն դրամով, էլ չեմ խոսում, թե որքան ԱԹՍ-ներ կարելի էր գնել այս գումարներով՝ հենց պատերազմի թեժ օրերին»։
Աննա Կոստանյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցության բոլոր անդամները ևս նախորդ տարեսկզբից հրաժարվել են իրենց հավելավճարներից՝ դրանք փոխանցելով կորոնավիրուսային ֆոնդին, առանձին դեպքերում՝ պատերազմի հետևանքով կուտակված կարիքների համար։
ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ իր հերթին անդրադարձավ Սիսակ Գաբրիելյանի արած հայտարարությանը, նշելով, որ իր համար հասկանալի չէր, թե ինչ նպատակ էր հետապնդում Գաբրիելյանի այդ հայտարարությունը։
«Այդ քաղաքականության մշակողը դո՛ւք եք, սիրելի իշխանություններ, պարգևավճարների ֆոնդը կազմում եք դո՛ւք, ամսական պարգևավճարները կազմում եք դո՛ւք, պարոն Գաբրիելյան, եթե խնդիրներ ունեք, կարող եք նախագիծ ներկայացնել և «Իմ քայլը» խմբակցությանն առաջարկել, Ազգային ժողովին առաջարկել կրճատել պարգևավճարների ֆոնդի չափը, այդ ժամանակ կտեսնենք՝ ընդդիմադիր խմբակցութունները դե՞մ կլինեն, թե՞ ինչ կասեն՝ արդեն ընդդիմադիր խմբակցության գործն է։ Առնվազն ազնիվ չէ ձեր կողմից, երբ մատնանշում եք ընդդիմադիր խմբակցություններին հատկացված պարգևավճարի մասին, բայց չեք ասում, որ «Իմ քայլը» խմբակցությունը ստացել է ավելի քան 140 միլիոն դրամ»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում