Էլ ո՞ր հանրային գործչին է զանգել Խաչատուր Սուքիասյանը

Երեկ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ «Փաստինֆոյի»-ի տեղեկություններով՝ իշխանամերձ գործարար Խաչատուր Սուքիասյանը հանդիպման է կանչել սոցցանցերով իշխանություններին բավական ակտիվ քննադատող լրագրող, թուրքագետ Նաիրի Հոխիկյանին։

«Այն կայացել է փակ ֆորմատով։ Սուքիասյանը առաջարկ-պահանջ է ներկայացրել Հոխիկյանին՝ դադարեցնել իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին սուր քննադատություններով հանդես գալը։

Մեր տեղեկություններով՝ իշխանություններն ու իշխանամերձ օլիգարխները, նրանց թվում՝ «Գռզո» մականունով հայտնի Խաչատուր Սուքիասյանը, լծվել են սոցցանցերում Փաշինյանի ընդդիմախոսներին լռեցնելու գործին։ Մասնավորապես՝ կատարվում է ակտիվ մոնիտորինգ, որի արդյունքում անհատականացվում են ակտիվ քննադատներն ու փորձ արվում «վերբովկա» անել նրանց»,- գրել էր կայքը:

Ավելի ուշ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Խաչատուր Սուքիասյանի նախաձեռնությամբ, ի թիվս այլոց, հանդիպել է նաև նրա հետ։

«Խոսել ենք 2020-ի պատերազմի պատճառների ու հետևանքների, տարածաշրջանային մարտահրավերների, մեր պետությանը սպառնացող վտանգների, տնտեսական խնդիրների ու կառավարման արդյունավետության մասին։ Ես հստակ դեմ եմ արտահայտվել Թուրքիայի հետ սահմաններն այսօր բացելուն՝ դա համարելով աղետ մեր տնտեսության և, կարճ ժամանակ անց՝ նաև պետականության համար։ Իմ տեսակետները մեծ մասամբ չեն համընկել Խաչատուր Սուքիասյանի դիրքորոշման հետ։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Խաչատուր Սուքիասյանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի գիծը, իսկ ես կտրականապես դեմ եմ նրան։ Բնականաբար, խոսել ենք նաև այդ մասին, և ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանին համարում եմ ձախողված գործիչ, որը պետք է հեռանա վարչապետի ղեկից՝ հանուն մեր պետականության պահպանման։ Խաչատուր Սուքիասյանն այլ կարծիքի էր»,- գրել էր Նաիրի Հոխիկյանը:

Նա նշել էր նաև, որ իրենց զրույցի այլ մանրամասների մասին այս պահին նպատակահարմար չի գտնում խոսել, քանի որ դա եղել է անձնական խոսակցություն և հրապարակման ենթակա չէ։

«Ինձ ուղղված սպառնալիք կամ պահանջ չի հնչել։ Գործարքի պայմանավորվածություն չի եղել։ Չէր էլ կարող լինել։ Ավելին՝ ես շարունակում եմ ՀՀ կառավարությանն ուղղված իմ փաստարկված քննադատությունը, պատերազմի մասին առանց փակագծերի հրապարակումները, նաև շարունակում եմ համարել, որ այսօր Ռուսաստանի հետ պետք է պահպանել և խորացնել ռազմավարական դաշնակցային կապերը։ Խաչատուր Սուքիասյանի հետ ունեցել եմ զրույց, բանավիճել եմ և հրաժեշտ տվել»,- գրել էր Հոխիկյանը։

168.am-ի տեղեկություններով՝ Խաչատուր Սուքիասյանը որևէ հանրային գործչի հետ հանդիպելու առաջին և միակ փորձը չի կատարել: Օրինակ, նա փորձել է զրուցել նաև գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

Մեր տեղեկություններով՝ զրույցը չի կայացել, որովհետև Գագիկ Համբարյանը պարզապես չի ցանկացել զրուցել մեկի հետ, ում չի ճանաչում, և չի պատասխանել հեռախոսազանգին:

Թե ինչի մասին կարող էր Խաչատուր Սուքիասյանը զրուցել գյումրեցի քաղաքագետի հետ, մնում է միայն ենթադրել:

168.am-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել հենց Գագիկ Համբարյանից: Վերջինս, սակայն, ասաց, որ առայժմ չի ցանկանում այդ մասին խոսել:

Տեսանյութեր

Լրահոս