Ինչո՞ւ «Իմ քայլը» մերժեց զինվորների չօգտագործած արձակուրդները վճարելու մասին նախագիծը

«Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում զինվորների չօգտագործած արձակուրդները վճարելու մասին «Լուսավոր Հայաստանի» առաջարկած նախագիծը մերժվել է, բայց վստահ եմ՝ իշխանություններն այս նախագիծը կընդունեն, բայց, երբ իրենք կնախաձեռնեն, ոչ թե մենք»,– Ազգային ժողովի ամբիոնից ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը նկատեց, որ դեռ պատերազմից առաջ ԼՀԿ-ն 2 անգամ առաջարկել է, որպեսզի 27 տարին լրացած հետախուզման մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառվի, բայց 2 անգամ էլ մերժել են, իսկ օրերս «Իմ քայլը»  դա որպես սեփական նախաձեռնություն՝ բերել է Ազգային ժողով․

«Օրերս տեսնեմ, որ դուք ելույթ եք ունենում, ասում եք՝ իշխանությունը համագործակցելով Պաշտպանության նախարարության հետ, ռազմական ոստիկանության, Գլխավոր դատախազության, տարբեր մարմինների հետ, որոշել է՝ համաներում անի 27 տարին․․․ Բա արե՛ք, բա շնորհակա՛լ ենք, բա գոնե այդտեղ մի հատ ասեք, որ «Լուսավոր Հայաստանը» 2 անգամ առաջարկել է, մերժել եք։ Սա ի՞նչ պրակտիկա է, սիրելի գործընկերներ։ Պատերազմից առաջ անեիք, պարոն Քոչարյան, այդ հազարավոր տղաները մեզ հետ կլինեին պատերազմի ժամանակ։ 2 անգամ մերժեցիք, պատերազմն ավարտվել է, հիմա դուք ուզում եք ընդունեք, ինչը ես ողջունում եմ, ապրե՛ք շատ, բայց հիմա դուրս է գալիս՝ լավ բան ենք առաջարկում, դուք մերժում եք, հիմա նախընտրական շրջան է, գալիս ասում եք՝ սիրելի ժողովուրդ, իշխանությունը ձեր համար գժվում է, մի հատ ընտիր բան ենք որոշել ձեր համար անենք։ Լավ բան ենք առաջարկել, մերժում եք, արձակուրդի հարց է, բոլոր հանրային ծառայողները արձակուրդ են ստանում, բացի զինծառայողներից։

Պարոն Քոչարյան, հիմա պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը դուք եք, փոխանակ առաջինը դուք լոբինգ անեք, պաշտպանեք, ձեր հանձնաժողովը մերժում է, խորհրդարանը մերժում է, մյուս շաբաթ օրը այս նախագիծը դուք բերելու եք, ասեք՝ սիրելի զինծառայողներ, նայեք, նոր Գլխավոր շտաբի պետի նշանակման լույսի ներքո, համագործակցելով Գլխավոր շտաբի հետ, պաշտպանության հանձնաժողովի, համագործակցությամբ, «Իմ քայլը» դաշինքի առաքելությունը… մենք որոշել ենք․․․ ժողովուրդ ջան, ամոթ է, այ ես ձեր ցավը տանեմ»։

Այդ պահին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց.

«Լրիվ համաձայն եմ ձեզ հետ, բայց ժամանակն է սպառվել, այս դրական նոտայի վրա եկեք ավարտենք»:

«Կարևորը՝ համաձայն եք»,- պատասխանեց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս