«Իշխանությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, օրը պարզ կլինի 1–2 օրից»․ Ռոմանոս Պետրոսյան
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողները Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցին, թե իշխանությունը ե՞րբ է պատրաստվում գնալ արտահերթ ընտրությունների, ինչին նախարարը պատասխանեց․
«Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների, այդ մասին նոր չէ, որ ասել ենք, և այսօր-վաղը արդեն, կարծում եմ՝ որոշում կհրապարակվի»։
Հստակեցմանը, թե օրվա՞ հետ կապված որոշում կհրապարակվի, Ռոմանոս Պետրոսյանը դրական պատասխան տվեց, ապա հավելեց․ «1-2 օրվա մեջ կունենանք»։
Հարցին՝ հանրությունը պատերազմից հետո արդյոք պատրա՞ստ է ընտրություններին մասնակցել, Պետրոսյանն ասաց, որ հարցը խորքային է, և մեկ նախադասությամբ հնարավոր չէ պատասխանել, սակայն երկրում ծառացած քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումն իրենք տեսնում են բացառապես արտահերթ ընտրություններով․
«Կարող է լինի՝ մոտ ապագայում, կարող է լինի՝ միջնաժամկետ կտրվածքով, այս պահին այդ կոնսուլտացիաներն է, որ ընթանում են, բայց մենք հակված ենք, ինչպես և հայտարարել ենք մինչ այս՝ առաջնահերթ գնալու արտահերթ ընտրությունների․․․»։
Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում քարոզարշավն այս լարված մթնոլորտում, երբ Նիկոլ Փաշինյանը բազմահազարավոր ոստիկաններով է շրջում անգամ Երևանի կենտրոնում, նախարարը պատասխանեց, որ լրագրողի գնահատականներն ուռճացված են․
«Մենք ունենք երկրի առաջին դեմքերի նկատմամբ իրականացված մահափորձերի փաստերով հարուցված քրեական գործեր, ունենք որոշ շրջանակների կողմից բացահայտ մահվան սպառնալիքներ՝ ուղղված երկրի առաջին դեմքերին, և պետական անվտանգության ծառայությունը ենթադրում է նաև առաջին դեմքերի անձնական կյանքի երաշխիքներ և անվտանգության ապահովում»։
Լրագրողները նախարարին հիշեցրին Նիկոլ Փաշինյանի ժամանակին արված հայտարարությունը, երբ ասել էր՝ եթե լինի իրավիճակ, որ ես ստիպված լինեմ թաքնվել ոստիկանների հետևում, ինչպես Սերժ Սարգսյանն է ոստիկանների մեջքի հետևում, ապա 1 ժամ ավելի չեմ մնա։ Ապա ավելացրին, որ արդեն 5-6 ամիս է՝ Փաշինյանը ոստիկանական հսկայական ուժերի ուղեկցությամբ է տեղաշաժվում։
«Ձեզ հետ համաձայն չեմ, որ ինքը թաքնվում է, իր անվտանգությունն են ապահովում պետական ծառայության կողմից․․․ Հարցեր տվեք՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման մասին, սիգի արդյունագործական որսի մասին․․․»։
Հարցին՝ հույս ունե՞ք, որ ընտրություններին կրկին կհաղթեք, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց, որ ոչ միայն հույս ունեն, այլև վստահ են, իսկ թե ինչո՞վ է պայմանավորված այդ վստահությունը, պատասխանեց՝ հանրության շրջանում իրենց ունեցած հեղինակությամբ։
Լրագրողները ստիպված եղան նախարարին հիշեցնել, որ Փաշինյանի՝ վերջերս հրավիրած հանրահավաքին անհամեմատ քիչ մարդ կար, քան 2018 թվականին, և, որ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգեցին, որ նույն մարզպետարաններն ու քաղաքապետարաններն էին մարդկանց կազմակերպված բերել հանրապետության հրապարակ։ Ռոմանոս Պետրոսյանը, սակայն, հակադարձեց՝ նշելով, որ քաղաքացիների հետ իր շփումներում զգում է հանրության զգալի հատվածի աջակցությունը։