Սևանա լճից արդյունագործական նպատակներով սիգի որսի ծրագրի 2-րդ փուլն այսօր մեկնարկեց

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում ընդունեց 2021 թվականի համար սկսել Սևանա լճից ձկան և խեցգետնի արդյունագործական նպատակներով փորձարարական որսի ծրագրի 2-րդ փուլը:

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ այդ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին անհրաժեշտությունը բխում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից․

«2020 թվականին շրջակա միջավայրի նախարարության և ձկնորսների միջև կնքվել են 255 պայմանագրեր՝ շուրջ 236 տոննա սիգի որս իրականացնելու համար։ Կնքված պայմանագրերի վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։ Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից կահավորվել են Սևանա լիճ մուտքի և ելքի 25 կետեր, սակայն մուտք և ելք կատարվել է 19 կետերից միայն։ Գիտական հետազոտությունների, մշտադիտարկման և կադաստրի վարման բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է արդյունագործական ձկնորսության մշտադիտարկման, տվյալների հավաքագրման և ամփոփման աշխատանքներ։ Նշված ժամանակահատվածում որսացել են շուրջ 204 տոննա սիգ։ Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից վարվել են հաշվառման մատյաններ յուրաքանչյուր օրվա իրականացված որսի տվյալների վերաբերյալ։

ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել է ամենօրյա հսկողություն Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման շրջանակներում պայմանագրեր կնքած ձկնորսների՝ Սևանա լիճ մուտքի, ելքի ժամերի, որսված ձկան քանակի նկատմամբ․ Հաշվի առնելով այդ ամենը՝ նախարարությունը նախատեսում է 2021 թվականին իրականացնել փորձարարական  որսի երկրորդ փուլը»։

Կառավարության նախորդ տարիներին ընդունված երկու որոշումներում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտության մասին զեկուցելուց հետո նախարարը նաև տեղեկացրեց, որ համաձայն ԳԱԱ հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր ծավալը կազմում է 2345 տոննա, որից արդյունագործական պաշարը մոտ 586,2 տոննա է. «2021 թվականի արդյունագործական որսի համար առավելագույն քանակ է սահմանվել 250 տոննա: Ըստ նախագծի ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ և ավելի ցանցավանդակներով՝ ափից առնվազն 500 մետր հեռավորությամբ՝ մանրաձկան որսը բացառելու համար: Որսն իրականացվելու է մինչև սեպտեմբերի 1-ը: Դեկտեմբեր-հունվարին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձվադրման գործընթացն ապահովելու համար»։

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին՝ նշեց, որ այս գործողությունները միտված են Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվողների բնականոն գործունեությունն ապահովելու համար, ապա կարևոր համարեց արձանագրել, որ այս տարի Սևանա լճի մակարդակի աննախադեպ աճ ունենք, ապա շրջակա միջավայրի նախարարից հետաքրքրվեց, թե այդ մասով ի՞նչ տեղեկություն կարող է հաղոդել։

«Նախորդ տարվա մարտի 18-ի հետ համեմատած՝ այսօր լճի մակարդակի 15 սմ բարձրացում ունենք։ Այս տարվա կանխատեսումներով՝ կարող եմ ասել, որ վերջին տասնամյակների համար աննախադեպ նիշ ենք ունենալու, հասնելու ենք 1901 մետր նիշի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս