«Արի դուրս հլը»․ լարված իրավիճակ և քաշքշուկ Երևանի ավագանու նիստում
Երևանի ավագանու նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ինչին հաջորդեց քաշքշուկը։ Ամեն ինչ սկսվեց, երբ ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը, որը սոսնձվել է իր աթոռին, բոլորին խաբել է։
«Մեկն ինձ է խաբել, բոլորիս է խաբել, ասել է մի բան, արել՝ ուրիշ բան, ասաց՝ առանց ժողովրդի կարծիքի՝ ես չեմ գնա Արցախի մասով պայմանավորվածության, բայց գիշերով գնաց պայմանավորվեց, կարո՞ղ է ես եմ խաբել, որ այդպես պաշտպանում եք, կարո՞ղ է ես եմ հայրենիքս տվել ուրիշին»,- ասաց ԲՀԿ-ական ավագանու անդամը։
Ներսիսյանը կոչով դիմեց ավագանու անդամներին, որպեսզի նրանք ևս միանան իրենց պայքարին․
«Ո՞նց կարելի է մի տան մեջ ապրել, եթե տան հայրը դավաճանել է իր երեխաներին, ընտանիքի անդամներին։ Խոսքերով է դավաճանել, ամեն հարցում խաբել է, ինչ ասել է, մյուս օրը դուրս է եկել՝ ասել է՝ ես ե՞րբ եմ այդպիսի բան ասել, չէ՛, քեռիս է ասել, պարոն վարչապետ։ Խի՞ եք պաշտպանում, ո՞ր մի լավ արարքի համար եք պաշտպանում, ի՞նչ լավ բան է արել, հես ա դուք էլ եք վաղը նախկին դառնալու, սկսելու են ձեզ էլ այս նույն բաներն ասել, ի՞նչ է, պաշտպանելու տեղ ունի, դուք էլ պաշտպանո՞ւմ եք։ Մեզ պաշտպանեք»։
Ներսիսյանի վերջին խոսքին տեղից արձագանքեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը․
«Ձեր իդիոտը պաշտպանելու տեղ ունի՞, որ առաջադրել եք վարչապետի թեկնածու ու հանել եք մեյդան, քաղաքական դիակին։ Ես չեմ ասել, Սերժ Սարգսյանն է այդ անունը դրել»։
Արմեն Ներսիսյանը շարունակեց միտքը՝ նշելով, որ իր երեխաների առաջ իր ճակատը պարզ է․
«Ես գիշերը հանգիստ եմ քնում, մնում է դո՛ւք ձեր երեխաներին պատասխան տաք ձեր արած սխալների համար․․․»:
Ավագանու, ըստ երևույթին, իմքայլական անդամներից մեկը տեղից միջամտեց՝ ասելով, թե իրենք իրենց երեխաներին պատասխան կտան, Ներսիսյանն էլ հակադարձեց, թե կտեսնենք՝ ո՞նց պատասխան կտաս, ապա նկատողություն արեց ավագանու այդ անդամին, թե ինչո՞ւ է տեղից խոսում, ապա առաջ գնաց դեպի տեղից միջամտող ավագանու անդամը․
«Դու, որ խոսում ես, ես քեզ խանգարո՞ւմ եմ, հա՞, հարց եմ տալիս քեզ, արա՛»։
Լարված իրավիճակ և քաշքշուկ սկսվեց նիստերի դահլիճում, մի քանի ավագանու անդամ էլ բաժանում էին նրանց, որպեսզի ծեծկռտուք չլինի։ ԲՀԿ-ական ավագանու անդամը դիմելով իմքայլական ավագանու անդամին՝ ասաց. «Արի դուրս հլը»։
Հայկ Մարությանն էլ տեղում նստած՝ կոչ արեց մնալ կոռեկտության սահմանում, և որ ոչ մեկը ոչ մի տեղ դուրս չի գնա, ապա 15 րոպե ընդմիջում հայտարարեց։
Մանրամասները՝ տեսանյութում