«Եթե էստակադա չկառուցվի, նախագիծ կբերեմ, Մոնումենտի այգու խողովակները կանվանակոչենք Հայկ Մարությանի անունով». Թեհմինա Վարդանյան
Այսօր Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ելույթի ժամանակ միացավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի առաջարկին, որ եթե մեկ էստակադա կառուցվի, ապա նախագիծ կբերեն և դա կանվանակոչեն Հայկ Մարությանի անունով:
«Գործընկերոջս առաջարկը, կարծում եմ, որ ուժի մեջ է լինելու՝ էստակադան անվանակոչելու հետ կապված: Ես մեծ սիրով միանալու եմ առաջարկին, որ անվանակոչենք Հայկ Մարությանի անունով, եթե էստակադան կառուցվի, եթե չկառուցվի, ապա Մոնումենտի այգու խողովակները կան ու կան, ես էլ էդ նախագիծը կբերեմ, քանի որ ձեռքբերումն է, այդ խողովակները կանվանակոչենք Հայկ Մարությանի անունով»,- ասաց Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ չէր պատրաստվում ելույթ ունենալ, սակայն քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանի պատասխանները՝ ուղղված ավագանու անդամներին, նրան ստիպել են մոտենալ ամբիոնին:
«Պարոն Ներսեսյան, ինչպես ասում են՝ «не надо было дёргать»: Ուրեմն բյուջեի կատարողականը 58.2 տոկոս է Քաղաքապետարանի մասշտաբով, այսինքն՝ աշխատակազմի աշխատանքը: Խնդրում եմ՝ «Կիկոսի մահը» չսարքենք՝ «այ եթե չլիներ էն, չէր լինի էն, եթե գումարենք իրար, կլինի էս», հստակ 58.2 տոկոս է, ճի՞շտ է: Դուք հետո կմեկնաբանեք»,- ասաց Վարդանյանը:
«Լույս» խմբակցության անդամը հիշեցրեց, որ 2.5 տարի չկատարված բոլոր ծախսերը ներկայացվել են՝ որպես տնտեսում:
«Այսինքն՝ չարված աշխատանքները Քաղաքապետարանը ներկայացնում է՝ որպես տնտեսում, դա մեղք է, մի ասեք՝ տնտեսում է, եթե մենք էս տարի չենք արել 200 մետր ասֆալտ, դա չի նշանակում, որ մյուս տարի 400 մետր չենք անելու: Բյուջեում գումարները որ մնում են, դա նշանակում է, որ քաղաքային իշխանությունը տապալել է, չի արել այն, ինչ պետք է անի: Այստեղից այնտեղ գումար տեղափոխելով ու համոզելով մեզ, «Կիկոսի մահը» դարձնելով, որ Քաղաքապետարանն աշխատել է լիարժեք, ոչ: Աշխատել են թաղապետարանները, վարչական շրջանները, այնքանով՝ որքանով, ամեն դեպքում վարչական շրջանների ցուցանիշն էդքան ցածր չէ, ինչքան Քաղաքապետարանի աշխատակազմի ցուցանիշը»,- ասաց Վարդանյանը:
Նրա կարծիքով՝ Հայկ Մարութայնի քաղաքապետ եղած ժամանակ քաղաքը երկու ձեռքբերում է ունեցել՝ աղբն են հավաքել, մի քանի Գազել են ձեռք բերել:
«2.5 տարի է՝ ասում եք՝ աղբը հավաքել ենք, ապրեք, ուրի՞շ: 2-2.5 տարվա արդյունքը եղել է մի քանի Գազել: Սա աշխատանք չէ, քաղաքն իներցիայով ավելի լավ կաշխատի և կապրի, քան ձեր կառավարման օրոք, կամ շնորհիվ, կամ ի տապալոյ ձեր կառավարության»,- ասաց Վարդանյանը: