52 միլիոն դրամի գնում՝ մեկ անձից. գնումն իրականացրել է Պետական պահպանության ծառայությունը
Մեկ անձից գնումներ կատարելու գործելաոճը շարունակվում է, դրան մեծ և անխոչընդոտ հնարավորություն է տալիս պահպանվող ռազմական դրությունը, պետական համակարգում շարունակում են օգտվել ընձեռված հնարավորությունից ու իրականացնել մեծածավալ գնումներ մեկ անձից՝ առանց մրցույթներ հայտարարելու։
Մեկ անձից հերթական գնում իրականացնող կառույցն այս անգամ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայությունն է. 52 միլիոն դրամի գնում է իրականացրել մեկ անձից։
Գնումն իրականացվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունների համար՝ համապատասխանաբար հինգ ընկերություններից։
Եվ այսպես՝ 25 միլիոն դրամի գնում իրականացվել է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունից, 13 միլիոն դրամի գնում՝ «Նիսսան Սերվիս»-ից, ևս 13 միլիոն դրամի գնում՝ «Տոյոտա Երևան» ընկերությունից, 500 հազար դրամի գնում՝ «Գարանտսերվիս» ընկերությունից, իսկ 800 հազար դրամի գնում էլ՝ «Կապիտալ Մոթորս» ՍՊԸ-ից։
ՊՊԾ-ն նշված բոլոր ընկերությունների հետ պայմանագրերը կնքել է 2021 թվականի փետրվարի 12-ից մինչև դեկտեմբերի 20-ը։
Գնումներն իրականացվել են ՀՀ կառավարության 526-ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի 12-րդ կետով, որը սահմանում է, որ մեկ անձից գնման են ենթակա պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման՝ ներառյալ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։