«Այս մարդը եթե քաղաքի կենտրոնում զորքով է շարժվում, ո՞նց է ընտրություններ կազմակերպելու». Իշխան Սաղաթելյան
«Շատ շուտ է խոսել ընտրություններին մասնակցելու մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվի, որո՞նք են լինելու «Հայրենիքի փրկության շարժման» գործողությունները։
Սաղաթելյանի խոսքով՝ նախքան ընտրութունները պետք է տեղի ունենա վարչապետի հրաժարական, ապա՝ խորհրդարանի լուծարում։
«Եթե այդ 2 պրոցեսները կավարտվեն, և վերջնական տեղի կունենա ընտրություն, այն ժամանակ կհայտնենք մեր դիրքորոշումը՝ մասնակցո՞ւմ ենք ընտրության, չե՞նք մասնակցում, ի՞նչ ձևաչափով ենք մասնակցում։ Հիմա՝ մինչև ընտրությունները, առաջիկա խնդիրը հրաժարականն է, հետևաբար՝ անիմաստ է շեղվել այդ օրակարգից և խոսել ընտրություններից։ Համարենք՝ երկրում ընտրություն է տեղի ունենալու, Նիկոլ Փաշինյանը, ավելի ճիշտ՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, պետք է գնա ինչ-որ գյուղում նախընտրական հանդիպման։
Այդ տեսարանը մի հատ պատկերացրեք՝ դիմացից պետք է գնա 2000 հոգանոց ներքին զորքերը, դրանից հետո՝ կարմիր և սև բերետավորներ, այնուհետև՝ անվտանգության աշխատողները՝ քաղաքացիական հագուստով, տվյալ գյուղի մշակույթի տան գլխին կանգնած են լինելու սնայպերները, և մարզպետները, ոնց որ այս օրերին անում են՝ գտնեն մի քանի խմիչքի հետ սեր ունեցող մարդիկ, որոնք գան կանգնեն իր դեմը, ասեն՝ փակեք «Արմնյուզը», «5-րդ ալիքը», գնդակահարեք այն 17-ին, կեցցե՛ հանրապետության վարչապետը։ Սա է լինելու տեսարանը։
Այս մարդը եթե չի կարողանում քաղաքի կենտրոնում 100 մետր շարժվի, զորքով է շարժվում, ո՞նց է ընտրությունները կազմակերպելու, ես չեմ պատկերացնում»,- ասաց Սաղաթելյանը։
Ըստ քաղաքական գործչի՝ Փաշինյանը չի ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և դա ընդամենը ձևական օրակարգ է՝ նպատակ ունենալով հանրությանն այլ կարևոր հարցերից շեղելու․
«Եթե ուզում է ընտրություն, ինքը «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների օժանդակության կարիքը չունի, ինքը կարող է հենց վաղը գալ, հրաժարական տալ, խորհրդարանը լուծարվի, նշանակի ընտրություն։ Ինչո՞ւ չի անում, եթե չի անում՝ ուրեմն մեզ շեղում է բուն օրակարգից»։